Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 21-ին, ժամը 02.06-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Քուչակ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար` ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել ձորը, կա վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Ապարան-Երեւան հատվածի 10-րդ կմ-ում «Օպել» մակնիշի 33 UV 869 համարանիշով (վարորդ` 37-ամյա Զ. Հ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից (մոտ 10 մ) եւ ընկել հանդիպակաց փոսը:

Հրշեջ-փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից, ով հոսպիտալացվել է Ապարան քաղաքի բժշկական կենտրոն. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ դուրս բերել երթեւեկելի գոտի: