Հայաստանը չի պատրաստվում եղբայրանալ Բաքվի ու Անկարայի հետ իր ազգային շահերի հաշվին: Այս մասին, այսօր՝ հունիսի 22-ին, ԱԺ-ում հայտարարել է Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ Եվրասիական զարգացման բանկի հետ վարկային համաձայնագրի քննարկման ժամանակ, «Հյուսիս-Հարավ» մայրուղու նախագծի շինարարության շրջանակներում:
Նրա խոսքով, Հայաստանը պետք է տարածաշրջանային նշանակության տրանսպորտային նախագծեր կյանքի կոչի, առավել եւս Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից շրջափակման պայմաններում:
«Եկեք իրերը կոչենք իրենց անուններով: Տարածաշրջանում տրանսպորտային անկայունության պատճառները Ադրբեջանն ու Թուրքիան են, բայց մենք չենք պատրաստվում մեր ազգային շահերի հաշվին եղբայրանանք նրանց հետ: Բայց դա չի նշանակում, որ մենք հրաժարվում ենք նրանց հետ հարաբերությունների ցանկացած հնարավորությունից: Թուրքիայի հետ մենք պատրաստ ենք հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների, իսկ Ադրբեջանի հետ կարգավորել ԼՂ խնդիրը ԵԱՀԿ սկզբունքների հիման վրա: Այստեղ ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքն այլընտրանք չունի»,-հայտարարել է Շարմազանովը:





























