«Ակցիզային հարկի մասին» օրինագծի 2-րդ ընթերցումը կհետաձգվի մինչեւ աշուն։ Այս մասին հունիսի 22-ին խորհրդարանում հայտարարեց փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ներկայացնելով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի առաջարկը։ Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը օրինագծի 2-րդ ընթերցումը կընթանա աշնանը։

Օրինագիծը նախատեսում է բարձրացնել օղում ծխախոտի, բենզինի, սեղմված գազի եւ դիզվառելիքի ակցիզային հարկերը։

Եթե ներկայումս օղու ակցիզային հարկը կազմում է 30 տոկոս, սակայն մեկ լիտրի դիմաց 500 դրամից ոչ  պակաս, ապա օրինագծով այն կդառնա 55 տոկոս։ Հազար հատ ֆիլտրով ծխախոտի հարկը 5 հազարից կդառնա 5.5 հազար դրամ, իսկ առանց ֆիլտր ծխախոտինը 1400-ից կդառնա 1540 դրամ։ Բենզինի մեկ տոննայի ակցիզը 112 հազարից առաջարկում են դարձնել 120 հազար դրամ, դիզվառելիքինը՝ 32,5 հազարից 35 հազար դրամ, իսկ սեղմված գազի ակցիզը, որը առաջարկվում է կիրառել առաջին անգամ, 1000 խ/մ-ի դիմաց կսահմանվի 8330 դրամ։