Նոր Զելանդիայի քաղաքացի Սեմյուել Ֆորեսթը եւ Ռուզան Բադալյանը՝ Դաունի սինդրոմով ծնված փոքրիկ Լեոյի ծնողները, հաշտվել են եւ փոխադրվել Նոր Զելանդիա:
Նորզելանդական 3 News հեռուստաալիքին տված հարցազրույցում Սեմյուել Ֆորեսթը պատմել է, որ ներել է իր կնոջը, եւ հիմա զույգը կրկին միասին է: Ռուզան Բադալյանի խոսքով էլ, ամաչում է իր որոշման համար, սակայն կոչ է անում չդատապարտել իրեն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ մենակ մնալով՝ երեխայի հայրն օգնության խնդրանքով դիմել է GoFundMe կայքին, որտեղ կարճ ժամանակում 600 հազար դոլար է հավաքել:
Ռուզանը նշել է, որ ամուսնու հետ միավորվելու պատճառը գումարը չէ, պարզապես սարսափելի ցանկանում էր տեսնել իր փոքրիկին: «Գիտեմ, որ մարդիկ կարծում են, որ դա փողի պատճառով է, սակայն հավաքված գումարը Լեոյի համար է, ոչ թե ինձ: Չեմ պատրաստվում այն ինձ համար ծախսել»,- հավաստել է Ռուզանը:
Զույգը հավաքված գումարը փոխանցել է հավատարմագրային հիմնադրամին եւ հիմա, նրանց խոսքով, այն ուղղակիորեն իրենց հասանելի չէ:
Հիշեցնենք, որ Լեոն ծնվել է հունվարի 21-ին, Երեւանում: Նրա մոտ Դաունի սինդրոմ են ախտորոշել: Առաջինն այդ մասին հայտնել է երեխայի հայրը՝ միջազգային լրատվամիջոցներին հայտարարելով, որ կինը որոշել է հրաժարվել երեխայից, իսկ ինքը՝ ոչ: Դա էլ նրանց բաժանման պատճառ էր դարձել: Ավելի ուշ Ռուզան Բադալյանը Facebook-ի իր էջում գրել էր, որ դա արել է հանուն երեխայի ապագայի: Ըստ նրա, Նոր Զելանդիայում Լեոն կունենա այն, ինչ Հայաստանում նրան երբեք չեն տա:





























