Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը նստեց Բաղրամյան փողոցում հոսանքի թանկացման որոշումը չեղյալ հայտարարելու պահանջով նստացույց անող ցուցարարների կողքին: (ֆոտոռեպորտաժ)
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ մոտ 10-15 րոպե ցուցարարները կոչ էին անում փոխոստիկանապետին նստել իրենց կողքին: Ցուցարարները վանկարկում էին՝ «Օսիպյան, միացիր», ինչին ի պատասխան նա ասաց. «Միացել եմ, միացել, բոլոր ոստիկանները ձեր հետ են»։ Օսիպյանը լսեց ցուցարարներին եւ նստեց նրանց կողքին՝ շարունակելով բանակցությունները:
Հայտնի չէ, թե ինչ է խոսում Օսիպյանը ցուցարարների հետ:
Նշենք, որ Բաղրամյան պողոտայում ցուցարարների դիմաց մի քանի շարքով պատ են կազմել ոստիկանները, Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների վրա նաև ոստիկանական մեքենաներ կան, այդ թվում՝ ջրցան եւ զրահամեքենաներ, փշալարեր։ Ոստիկանների հետ կանգնած են նաեւ մեծ թվով քաղաքացիական հագուստով ոստիկաններ կան, որոնք կանգնել են ոստիկանական շղթայի առջեւ։ Չնայած նախազգուշացումներին` մի քանի հարյուր ցուցարար շարունակում է նստած մնալ գետնին, մի մասն էլ ուղղակի պառկել է Բաղրամյան պողոտայում, նրանք հայրենասիրական երգեր են երգում։
Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով:
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am




























