Բաղրամյան պողոտայի սկզբնամասում արդեն 3 ժամ շարունակվում է հոսանքի թանկացման որոշումը չեղյալ հայտարարելու պահանջով հավաքված քաղաքացիների նստացույցը:  (ֆոտոռեպորտաժ)

Քիչ առաջ ցուցարարներին մոտեցավ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, որին այդպես էլ չհաջողվեց համոզել հավաքվածներին հեռանալ Բաղրամյան պողոտայից: Այնուհետեւ հավաքվածներին նորից կոչով դիմեց Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ հորդորելով շշեր չնետել ոստիկանների ուղղությամբ: Ցուցարարները հայտարարեցին, որ իրենք նման բան չեն արել, կան սադրիչներ, որոնք փորձում են բախումներ հրահրել ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ:

Այս պահին քաղաքացիները շարունակում են իրենց նստացույցը:

Նշենք, որ Բաղրամյան պողոտայում ցուցարարների դիմաց մի քանի շարքով պատ են կազմել ոստիկանները, Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների վրա նաև ոստիկանական մեքենաներ կան, այդ թվում՝ ջրցան եւ զրահամեքենաներ, փշալարեր։  Ոստիկանների հետ կանգնած են նաեւ մեծ թվով քաղաքացիական հագուստով ոստիկաններ կան, որոնք կանգնել են ոստիկանական շղթայի առջեւ։ Չնայած նախազգուշացումներին` մի քանի հարյուր ցուցարար շարունակում է նստած մնալ գետնին, մի մասն էլ ուղղակի պառկել է Բաղրամյան պողոտայում, նրանք հայրենասիրական երգեր են երգում։

Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ  կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով: