Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավոր, հանրապետական Խաչիկ Մանուկյանը՝ «Մաքս-գրուպ» ընկերության սեփականատերը, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հերքել է լրատվամիջոցներում տարածված լուրերը իր եւ Արագածոտնի մարզպետի միջեւ հակամարտության առկայության մասին:

«Իմ եւ Սարգիս Սահակյանի միջեւ նորմալ հարաբերություններ են, եւ որեւէ հակամարտություն չկա»,- հայտարարել է պատգամավորը եւ ծիծաղել: Նկատենք, որ օրերս հայաստանյան թերթերից մեկը տեղեկություն էր տարածել, թե Արագածոտնի մարզպետի եւ հանրապետական պատգամավորի հարաբերությունները լարված են: Ըստ լրատվամիջոցի, կողմերին հաշտեցնելու նպատակով, օրերս Հայաստան է ժամանել Յակուտիայի հայ համայնքի ղեկավար Խորեն Սահակյանը, ով մարզպետի եղբայրն է: Ըստ թերթի, նրանց թշնամության գագաթնակետը եղել է Աշտարակի ձորում տեղի ունեցած ընդհարումը, երբ, որոշ տեղեկություններով, անգամ կրակոցներ են լսվել: Դրանից հետո տեղեկություններ էին տարածվել, թե ՀՀԿ-ն Արագածոտնի մարզում երկու թեւի է բաժանվել: