Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում ցամաքային զորքերի նախկին հրամանատար Ըշըք Քոշաների նշանակումը հայ-թուրքական եւ հայ-ադերբեջանական հարաբերությունների եւ մասնավորապես ԼՂ խնդրի կարգավորման վրա որեւէ ազդեցություն չի ունենա:
Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկակական կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: Նրա խոսքով՝ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, լինելով շատ կարեւոր պաշտոնյա Թուրքիայում, առնչվելու է շատ ավելի լայն ու կարեւոր խնդիրների հետ, քան Ղարաբաղի հարցն է: «Նոր նշանակումը պետք է դիտարկել Թուրքիայի ներքաղաքական կյանքում ունեցած զարգացումների եւ ՆԱՏՕ-ի շրջանակներում Թուրքիա-Արեւմուտք, ինչպես նաեւ Թուրքա-Իսրայել հարաբերությունների համատեքստում:
Ինչպես տեսնում եք, իմ նշած ցանկում չկան Հայաստանի եւԱդրբեջանի անունները, քանի որ այդ երկու երկրների հետ հարաբերությունները այս ամենի համատեքստում տասներորդական նշանակություն ունեն Թուրքիայի համար»: Փորձագետը եւս մեկ անգամ ընդգծեց, որ ադրբեջանամետ Ըշըք Քոշաների նշանակումը չի ազդի ԼՂ խնդրի վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշման վրա: «Այդ խնդրի հետ կապված Թուրքիայի քաղաքականությունը մնում է այն, ինչ բազմիցս հայտարարել են ԱԳ նախարար Դավութօղլուն եւ վարչապետ Էրդողանը: Եւ չեմ կարծում, որ Քոշաները կարող է որեւէ բան փոխել այդ խնդրի ուղղությամբ»,- նշեց Մեհրաբյանը: Նա նաեւ հավելեց, որ Հայատանին ներկայումս սպառնացող վտանգը գալիս է ոչ թե թուրք գեներալից, այլ՝ Ռուսաստանից: «Զգուշացեք հյուսիսից»,- ասաց փորձագետը:
Նկատենք, որ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի նոր պետը հայտնի է խիստ ադրբեջանամետ դիրքորոշմամբ, ադրբեջանական զինված ուժերի հզորացմանն ուղղված աշխատանքներով եւ խրախուսում է ադրբեջանցի զինվորականների ռազմական վերապատրաստումները Թուրքիայում:



























