Հայաստանում ակնհայտորեն կա վստահության համակարգային ճգնաժամ։ Այս մասին հունիսի 23-ին ԱԺ-ում հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը՝ ներկայացնելով գազամատակարարման համակարգի նկատմամբ պատգամավորական վերահսկողության օրինագիծը։ Նախագիծը կազմել են ՀՅԴ եւ «Ժառանգություն» կուսակցությունների պատգամավորները եւ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
Նրա խոսքով՝ եթե հասարակությունը տեսնի, որ խորհրդարանը զբաղվում է նման լուրջ հարցերով, ինչպիսին գազի սակագինն է, ապա նրա հանդեպ վստահությունը կմեծանա։ «Եկե՛ք քննարկենք այդ խնդիրներն այստեղ, որպեսզի դրանք դուրս չգան փողոցներ եւ հրապարակներ»,- հավելեց նա։
Որոշման նախագիծն առաջարկում է խորհրդարանի տնտեսական հարցերով հանձնաժողովին ամեն կես տարին մեկ մոնիթորինգ անցկացնել Հայաստանում գազամատակարարման հարցով։





























