Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) ձայների 140 «կողմ» եւ 13 «դեմ» ձայնով ընդունել է «Ադրբեջանի ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» բանաձեւը:

Հատկանշական է, որ «Վեհաժողովին լավ հայտնի է Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի եւ այլ տարածքների բռնագրավման մասին» արտահայտությունը փոխարինվել է «Վեհաժողովին լավ հայտնի է ղարաբաղյան հակամարտության մասին» նախադասությամբ: Այս մասին տեղեկացնում է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը:

Մոնիթորինգի հանձնաժողովի զեկուցողների հաշվետվությունում գնահատական է տրված Ադրբեջանի ընտրություններին, Եվրախորհրդի առջեւ ստանձնած պարտավորությունների կատարմանը: Փաստաթղթում նշվում է, որ իշխանությունները չեն կատարել ընտրական օրենսդրության բարեփոխումների՝ Վենետիկի հանձնաժողովի երաշխավորությունները:

Հեղինակները խորը մտահոգություն են հայտնել նաեւ մարդու իրավունքների խախտումների առնչությամբ եւ իշխանություններին կոչ արել դադարեցնել կառավարությանը քննադատողների նկատմամբ ճնշումները: