ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը խոստացել է նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացնել նախապայմանները, որով էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող քաղաքացիները կհամաձայնեն ընդունել նախագահի առաջարկն ու մի քանի հոգանոց խմբով հանդիպել նրա հետ` քննարկելու ստեղծված իրավիճակն ու իրենց պահանջները։  (ֆոտոռեպորտաժ)

Այս մասին քիչ առաջ ոստիկանապետի հեռախոսազրույցից հետո Բաղրամյան պողոտայում ցույցի մասնակիցներին ասաց ՀՀ փոխոստիկանապետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը` խորհուրդ տալով հավատալ ոստիկանապետի խոսքին, քանի որ նա «քրիստոնյա մարդ ա, իր խոսքի տերն ա»։

Նշենք, որ ցուցարարներն առաջարկում էին հանդիպել նախագահի հետ միայն լրավամիջոցների ներկայությամբ, որոնք կարող են ուղիղ եթեր հեռարձակել հանդիպումը։

Ակցիայի համակարգող խմբի անդամներն այժմ քննարկում են պայմանները, որով կհամաձայնեն ազատել պողոտան ու վերադառնալ Ազատության հրապարակ, եւ ընդհանրապես, արժե արդյոք գնալ այդ հանդիպմանը թե ոչ։

Փոխոստիկանապետը փոխանցեց նաեւ ոստիկանապետի խոստումը, որ հունիսի 23–ի վաղ առավոտյան նստացույցը ցրելիս հավաքվածների նկատմամբ ապօրինի պահվածք դրսեւորած, քաղաքացիական հագուստով ոստիկանները կպատժվեն։

Որպես փոխհամաձայնության առաջին ժեստ, ոստիկանությունն առաջին անգամ մի փոքր հեշտ քաշեց ոստիկանական շղթան։