Այս պայքարը կարող է ոչ միայն կասեցնել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը, այլեւ  նվազեցնել էլեկտրաէներգիայի սակագինը: Այս մասին այսօր՝ հունիսի 23–ին,  NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցություն պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ նշելով, որ ոստիկանների գործողությունները դատապարտելի են:

«Ոստիկանների գործողությունները դատապարտելի են, ուժ  կիրառելը ոչ միայն իրավաբանական տեսանկյունից է  ոչ համաչափ, այլեւ անբարոյական արարք է: Հորդորում ենք բոլորին լինել սթափ, մասնավորապես՝ ոստիկանական ուժերին` զերծ մնալ ապօրինի հրամաներ կատարելուց եւ թույլ տալ, որպեսզի  մեր քաղաքացիներն իրենց բողոք-պահանջը հայտնեն եւ իրենց սահմանադրական իրավունքներն իրացնեն»,-ասաց նա:

Պատգամավորը նշեց, որ չի վախենում առաջին գծում լինելուց, ոչ միայն  այստեղ այլեւ հանրապետության բոլոր հրապարակներում պետք է հավաքվեն մարդիկ, որպեսզի ոստիկանները չկարողանան բռնություններ կիրառել:

Նշենք, որ չորս օր տեւած նստացույցից հետո հունիսի 22-ին ավարտվել էր «Ոչ թալանին»  նախաձեռնության՝ իշխանություններին տված վերջնաժամկետը, եւ ցուցարարները մեծ բազմությամբ շարժվել էին դեպի Բաղրամյան պողոտա։ Ոստիկաննեը փակել էին պողոտան, ինչից հետո նստացույց էր սկսվել։ Հունիսի 23-ին վաղ առավոտյան ոստիկանները ջրցան մեքենայի օգնությամբ ցրել են ցույցը, ապա բերման ենթարկել ակտիվիստների եւ լրագրողների:

Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ  կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով: