Ոստիկանները նման գործողությունների դիմելով  երիտասարդության ոգին են ուզում կոտրել: Այս մասին այսօր՝ հունիսի 23-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց կինոռեժիսոր Հրանտ Վարդանյանը` անդրադառնալով նստացույցը ցրելու ոստիկանության մեթոդներին։

«Նրանք դրա իրավունքը չունեն, ոստիկան չէ, ով ուզում ա լինի: Բռնի ուժով հեռացնելն անօրինական է,  այդպես են վարվել, քանի որ սովետական սրիկայությունը մեջները նստած է: Գինոսյանին են բերման ենթարկել, ինչի՞ համար, վախեցնում եք, փախաք ստեղից ոստիկաններ, ռուսական ռեժիմի բուժուազիային որպես մատուցող  աշխատեք, բավական է ամոթ է, գետինը մտնեք»,-ասաց նա:

Կինոռեժիսորի խոսքով՝ թանկացումն իրեն չի հետաքրքրում,  իրեն հետաքրքրում է այն, որ ռուսական բուրժուազիան մեր երկրում ինչ ուզում, անում է:

«Ամենավատն այն է, որ սուտի պառլամենտականները ոչինչ չեն կարողանում անել»,-ասաց նա:

Հրանտ Վարդանյանը նշեց, որ ինքը հրապարակ եմ եկել երեկվա բռնություններից հետո, որպեսզի  ոստիկանությունը հասկանա, որ երիտասարդների կողքին ավագ սերունդն էլ է կանգնած:

Նշենք, որ չորս օր տեւած նստացույցից հետո հունիսի 22-ին ավարտվել էր «Ոչ թալանին»  նախաձեռնության՝ իշխանություններին տված վերջնաժամկետը, եւ ցուցարարները մեծ բազմությամբ շարժվել էին դեպի Բաղրամյան պողոտա։ Ոստիկաննեը փակել էին պողոտան, ինչից հետո նստացույց էր սկսվել։ Հունիսի 23-ին վաղ առավոտյան ոստիկանները ջրցան մեքենայի օգնությամբ ցրել են ցույցը, ապա բերման ենթարկել ակտիվիստների եւ լրագրողների:

Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ  կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով: