Բաղրամյան պողոտայում այս պահին շարունակվում է նստացույցը ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման: (ֆոտոռեպորտաժ)

Ինչպես հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, քաղաքական գործիչները, ԱԺ նախկին ու ներկա պատգամավորները, շոուբիզնեսի աստղերն ու ճանաչված լրագրողները պատնեշ են կազմել ոստիկանության եւ ցուցարարների միջեւ, եւ այժմ զրուցում են:

Ցուցարարները մի պահ զայրացել էին, երբ ժամանել էր ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Իր հասցեին վիրավորական արտահայտություններից հետո ԿԳ հանրապետական նախարարը ստիպված էր հեռանալ: Այս պահին իրավիճակը համեմատաբար հանգիստ է:

Նշենք, որ նստացույցի նախաձեռնողները արդեն երկրորդ անգամ մերժել են նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու առաջարկը՝ նշելով, թե իշխանությունները մեկ ճանապարհ ունեն՝ չեղարկել ՀԾԿՀ որոշումը, որի համար հանդիպման անհրաժեշտություն չկա:

Նշենք, որ չորս օր տեւած նստացույցից հետո հունիսի 22-ին ավարտվել էր «Ոչ թալանին»  նախաձեռնության՝ իշխանություններին տված վերջնաժամկետը, եւ ցուցարարները մեծ բազմությամբ շարժվել էին դեպի Բաղրամյան պողոտա։ Ոստիկաննեը փակել էին պողոտան, ինչից հետո նստացույց էր սկսվել։ Հունիսի 23-ին վաղ առավոտյան ոստիկանները ջրցան մեքենայի օգնությամբ ցրել են ցույցը, ապա բերման ենթարկել ակտիվիստների եւ լրագրողների:

Երեկոյան նստացույցի մասնակիցներն ավելի մեծ բազմությամբ են շարժվել դեպի Բաղրամյան պողոտա:

Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ  կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով: