Երեւանում ցուցարարներին չի կանգնեցնում նույն խեղդող շոգը: Այս մասին գրում է ֆրանսիական Figaro պարբերականը:

Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքի ակցիան թերթը կոչել է Հայաստանում վերջին տարիների ամենախոշոր հակակառավարական ցույցը: Պարբերականի հրապարակման մեջ նշվում է. «Բողոքի շարժումն ամբողջ երկրում տարածվում է «Ո՛չ թալանին» խմբի ջանքերով: Նրանց Facebook-ի էջում կարելի է գտնել կառավարությանն ուղղված կոչը. «Մենք ենք երկրի տերերը: Չենք հանդուրժի էլետրաէներգիայի սակագնի աճը եւ թույլ չենք տա (կառավարությանը - Figaro) թալանել մեր ժողովրդին»:

Ներկա են նաեւ ընդդիմադիր ուժերը, այդ թվում՝ Հայ ազգային կոնգրեսը: Իսկ այս գիշեր հայտնի անձիք՝ ընդդիմադիր պատգամավորներ, դերասաներ եւ նույնիսկ կառավարության անդամներ (կրթության նախարարը) կենդանի պատ կազմեցին ցուցարարների եւ ոստիկանների միջեւ»:

Այնուհետեւ Figaro-ն նշում է, որ թանկացման պատճառներից մեկն էլ ռուսական ռուբլուն հետեւած ազգային արժույթի անկումն է: Իսկ դա նշանակում է, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը կուժեղացնի Արեւմուտքի կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների հետեւանքների հանդեպ խոցելիությունը: Այնուհետեւ հոդվածում նշվում է.

«Հայկական արտահանման 23%-ը բաժին է հասնում Ռուսաստանին, եւ հզոր հարեւանի մոտ առկա տնտեսական ճգնաժամն ազդել է հայկական տնտեսության եւ արժույթի վրա: Հենց դա էլ ազդեց սակագնի բարձրացման մասին էլեկտրացանցի պահանջի վրա: Անդամակցելով ԵՏՄ-ին՝ Հայաստանը պետք է դիմակայի Ռուսաստանի դեմ Եվրոպայի եւ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներին, որոնք երկարացվելու են մինչեւ 2016 թվականի հունվարը»: