Ցուցարարները տեղեկություն ունեն, որ Կասկադի տարածքում քաղաքացիական հագուստով մարդիկ անցորդներին մահակներ են բաժանում: Այս մասին այսօր՝ հունիսի 24-ին նստացույցի մասնակից Մաքսիմ Սարգսյանը տեղեկացրեց Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին՝ պահանջելով ճշտել տեղեկատվության իսկությունը:
Օսիպյանն ասաց, որ անմիջապես կզբաղվի այդ հարցով:
Մաքսիմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում մտահոգություն հայտնեց, որ իրենց դեմ սադրանք է նախատեսվում:
«Մենք այստեղ մնալու ենք այնքան ժամանակ, մինչեւ մեր պահանջը կատարվի, պետք լինի Բաղրամյան պողոտայում էլ կգիշերենք»,-ասաց նա:
NEWS.am-ի թղթակցի հարցին, թե նախաձեռնության անդամների միջեւ անհամաձայնություններ են սկսվել Մաքսիմ Սարգսյանը ասաց, որ դա ապատեղեկատվություն է, իրենք միասնական են, ինչպես ցույցերի առաջին օրը:
Նշենք, որ հունիսի 23-ի երեկոյան, ժամը 19:00-ից քաղաքացիները հավաքվել են Բաղրամյան պողոտայում, փակել այն եւ պահանջում են կասեցնել հունիսի 17-ին կայացրած որոշումը:
Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով:





























