Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի ընտանիքի անդամներն ու հարազատները չեն մասնակցում Բաղրամյան պողոտայում արդեն 3-րդ օրը շարունակվող նստացույցին, քանի որ «տնից մեկը կմասնակցի»: Այս մասին այսօր՝ հունիսի 25-ին, NEWS.am-ի թղթակցին ասաց Երեւանի փոխոստիկանապետը:
«Ես էստեղ եմ, բավական է, տնից մի հոգի կլինի»,- ասաց Օսիպյանը:
Հարցին, թե վերջին երեք օրերի ընթացքում չի՞ փոշմանել մասնագիտության ընտրության հարցում, Երեւանի փոխոստիկանապետ պատասխանեց. «Ես հպարտ եմ իմ ընտրած մասնագիտությունով, որովհետեւ շատ բարեխիղճ, սրտացավ առաքելություն եմ իրականացնում»:
Նշենք, որ արդեն 3 օր է Վալերի Օսիպյանը գտնվում է Բաղրամյան պողոտայում: Նա անընդհատ փորձում է համոզել ցուցարարներին շարժվել դեպի Բաղրամյան պողոտա:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ քաղաքացիները հունիսի 22-ին երեկոյան 19:00-ից նստացույց են սկսել Բաղրամյան պողոտայում՝ պահանջելով անհապաղ կասեցնել էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ հունիսի 17-ին Հանրային ծառայություննները կարգավորող հանձնաժողովի կայացրած որոշումը: Հունիսի 23-ին առավոտյան ժամը 05:30-ին ոստիկանները ջրցան մեքենայի օգնությամբ ցրել են ցույցը՝ բերման ենթարկելով 237 քաղաքացու, այդ թվում ԶԼՄ ներկայացուցիչներին: Տասնյակ քաղաքացիներ ստացել են մարմնական վնասվածքներ, սակայն սա չի կանգնեցրել քաղաքացիներին: Նրանք միեւնույնն է՝ չեն հեռանում Բաղրամյան պողոտայից:
Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով:





























