Ցավալի է, որ ցուցարարները երկու խմբի են բաժանվել: Այս մասին այսօր՝ հունիսի 28-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը: Նա նշեց, որ ցավալի է, եր ցուցարարները երկու խմբի են բաժանվել, մի մասը Բաղրամյանում է, մյուս մասը՝ Ազատության հրապարակում :
«Դժվար է ասել, թե ինչպես է ավարտվելու այս ամեն ինչը, անհասկանալի իրավիճակ է ստեղծվել, բայց ցավում եմ, որ ցույցի գաղափարը «Ոչ թալանին» նախաձեռնության է, եւ այժմ նախաձեռնության անդամներն Ազատության հրապարակում են, իսկ մնացածներն այստեղ: Նրանք հստակ ծրագիր ունեին, եւ բոլորը պետք է մինչեւ վերջ այդ գաղափարի շուրջ գնային: Այժմ չկան ղեկավարներ, կոորդինացիա չկա եւ անհասկանալի իրավիճակ է ստեղծվել , այս պարագայում հեշտ է սադրանք հրահրելը»,-ասաց Ռուբեն Հակոբյանը: պատգամավորը նշեց, որ իր կարծիքով ավելի ճիշտ էր գնալ Ազատության հրապարակ, նա նաեւ վստահեցրեց, որ ինքը մինչեւ վերջ կմնա Կենդանի պատի կազմում:
Նշենք, որ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը ավելի վաղ կոչ էր արել Բաղրամյան պողոտայում հավաքվածներին գալ Ազատության հրապարակ եւ այն վերածել վրանային ավանի, քանի որ պայքարի տրամաբանությունը դա է հուշում։ Նա նաեւ նշել էր, թե Բաղրամյան պողոտայում սադրիչներ կան, որոնք իրենց քաղաքացիական պահանջը վերածել են քաղաքական պահանջի։
Նշենք, որ ցուցարարների մի մասը գտնվում է Բաղրամյան պողոտայում եւ մտադիր չէ հեռանալ այնտեղից։ Ոստիկանությունը մեծ ուժեր է կենտրոնացրել տարածքում։



























