Դերասան Հովհաննես Ազոյանը մնալու է Բաղրամյան պողոտայում, մինչեւ իրավիճակի հանգուցալուծումը։ Այդ մասին նա ասել է NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում։
Դերասանը ինչպես վերջին օրերին, այնպես էլ այժմ կանգնած է Բաղրամյան պողոտայում, կենդանի պատի մեջ այլ հայտնի անձանց հետ՝ թույլ չտալու հնարավոր բախումները։
«Մինչեւ վերջ այստեղ եմ լինելու։ Մնալու եմ, մինչեւ այս հարցը չլուծվի»,- ասել է Ազոյանը։
Նշենք, որ ցուցարարների մի մասը «Ոչ թալանին» նախաձեռնության անդամների հետ գանցել է Ազատության հրապարակ, իսկ զգալի մասն էլ մնացել է Բաղրամյան պողոտայում։
«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը ավելի վաղ կոչ էր արել Բաղրամյան պողոտայում հավաքվածներին գալ Ազատության հրապարակ եւ այն վերածել վրանային ավանի, քանի որ պայքարի տրամաբանությունը դա է հուշում։ Նա նաեւ նշել էր, թե Բաղրամյան պողոտայում սադրիչներ կան, որոնք իրենց քաղաքացիական պահանջը վերածել են քաղաքական պահանջի։
Նշենք, որ ցուցարարների մի մասը գտնվում է Բաղրամյան պողոտայում եւ մտադիր չէ հեռանալ այնտեղից։ Ոստիկանությունը մեծ ուժեր է կենտրոնացրել տարածքում։



























