Բաղրամյան պողոտայում ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման ակցիայի մասնակիցներին ոստիկանությունը զգուշացրել է չաղմկել (ֆոտոռեպորտաժ)։
Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, ցուցարարները գիշերը ժամը 4-ի սահմաններում երաժշտություն էին միացրել, ապա արագորեն անջատել։ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը բարձրախոսով, ոստիկանների ուղեկցությամբ մոտեցավ ցուցարարներին, պահանջեց, որ պահպանեն համակեցության կանոնները, անջատեն երաժշտությունը եւ չաղմկեն։
Նա նաեւ նշեց, թե Բաղրամյան պողոտայում ցուցարարները ապօրինություն են անում։ «Դեռ ուշ չէ, կարող եք գնալ Ազատության հրապարակ եւ այնտեղ շարունակել բողոքի ձեր ակցիան»,- նշեց Օսիպյանը։
Նշենք, որ իրավիճակը Բաղրամյան պողոտայում քիչ առաջ փոքր-ինչ լարված էր, Օսիպյանի հայտարարությունից հետո ցուցարարների եւ նրա միջեւ վեճ ծագեց, որը հարթվեց։ Փոխոստիկանապետը հայտարարեց, թե «գիտակից մասսան Բաղրամյան պողոտայում չէր մնա», ինչը հարուցեց մի քանի ցուցարարների զայրույթը։
Հունիսի 23-ի երեկոյան ժամը 19:00-ից քաղաքացիները հավաքվել են Բաղրամյան պողոտայում, փակել այն եւ պահանջում են կասեցնել հունիսի 17-ին կայացրած որոշումը: Հունիսի 28-ին ցուցարարների մի մասը հեռացել էր Ազատության հրապարակ, իսկ մեծ մասը մնացել էր Բաղրամյան պողոտայում։
Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով:



























