Բրիթիշ Փեթրոլիումը ԱՄՆ-ին եւ Մեքսիկական ծոցում 5 տարի առաջ նավթի արտահոսքից տուժած երկրներին 18 տարվա ընթացքում կվճարի 18 մլրդ դոլար: Ինչպես տեղեկացնում է Gazeta-ն, հղում կատարելով The Wall Street Journal-ին, այս մասին հայտարարել է BP ղեկավար Կարլ-Հենրիկ Սվանբերգը:

«Հինգ տարի առաջ մենք պարտավորվեցինք վերականգնել ծոցի էկոլոգիան: Մենք ակտիվորեն աշխատում ենք, որպեսզի իրականացնենք մեր խոստումը»,- ասել է նա:

Հատկանշական է, որ Սվանբերգի հայտարարությունից հետո BP բաժնետոմսերը 4 տոկոս աճ են գրանցել Լոնդոնի բորսայում:

Հիշեցնենք, որ 2010թ-ին Մեքսիկական ծոցում գործող BP-ի Deepwater Horizon նավթի պլատֆորմում պայթյունի արդյունքում մահացավ 11 մարդ, իսկ պայթյունին հաջորդեց նավթի անընդմեջ արտահոսքը, որը կարողացան դադարեցնել միայն 3 ամիս անց: Այս ընթացքում Մեքսիկական ծոցի ջրեր լցվեց 4,9 մլն բարել հում նավթ: