Հուլիսի 3-ին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության շարահրապարակում տեղի ունեցավ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին նախարարության ղեկավար կազմը, աշխատակիցներ, շրջանավարտների ծնողներն ու այլ հյուրեր:

Տոնական ուղերձում ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը մասնավորապես ասաց.

«Կուզենայի, որ այս օրը միշտ մնար ձեր հիշողության մեջ: Դուք գիտեք, որ մենք ունենք շատ հզոր նախարարություն, եւ ձեզանից յուրաքանչյուրը կարող է դառնալ դրա մի մասնիկը»:

Ուսանողներին շնորհավորելով` ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գնդապետ Համլետ Մաթեւոսյանն ընդգծեց, որ նրանք այսօր ստանում են մի փաստաթուղթ, որը վկայում է ակադեմիայում ուսանելու տարիներին քրտնաջան աշխատանքի մասին:

Հանդիսավոր արարողությամբ դիպլոմները շրջանավարտներին հանձնեցին ՀՀ ՏԿԱԻ նախարար Ա. Երիցյանը, նախարարի առաջին տեղակալ Վ. Տերտերյանը, նախարարի տեղակալ Հ. Մխիթարյանը, ՓԾ տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Ս. Ազարյանը եւ ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գնդապետ Համլետ Մաթեւոսյանը:

7 մասնագիտությունների գծով բարձրագույն կրթության դիպլոմ շնորհվեց 174 շրջանավարտի, որից 6-ը` ակադեմիան ավարտել են գերազանցությամբ: Միջին մասնագիտական կրթական ծրագրով դիպլոմ ստացավ 36 ուսանող, որից 7-ը` գերազանց գնահատականներով։

ՃԿՊԱ շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունից հետո ՀՀ ՏԿԱԻ նախարար Ա. Երիցյանը հանդիպեց պատանի փրկարարների ջոկատին, որը հուլիսի 9-18-ը մասնակցելու է Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայանալիք Պատանի հրշեջ-փրկարարների միջազգային հավաքին։

Նախարար Երիցյանը խրախուսեց պատանիներին` նշելով, որ իրենք միջազգային հավաքում Հայաստանը ներկայացնելու են որպես արտակարգ իրավիճակների կառավարման զարգացած ու հզոր համակարգ ունեցող երկիր, որի կարճ ժամանակում ունեցած ձեռքբերումներն օրինակելի են այլ երկրների համար:

ՓԾ տնօրենին նախարար Ա. Երիցյանը հանձնարարեց ամենայն աջակցություն ցուցաբերել պատանի փրկարարներին` ապահովելով նրանց պատրաստվածությունը եւ ուղեւորությունը Բելառուս:

Հանդիպմանը պատանի փրկարարների ջոկատի անդամներից մեկը շվի նվագեց` նախարարին ցուցադրելով իրենց պատրաստած ելույթից մի փոքրիկ հատված:

Պատանի փրկարարների ջոկատում ընդգրկված է 12-13 տարեկան 7 աղջիկ եւ տղա, որոնք ընտրվել են Հայաստանի տարբեր մարզերում եւ մայրաքաղաքում անցկացված պատանի հրշեջ-փրկարարների մրցումների արդյունքում։

Բելառուսում անցկացվող միջազգային հավաքն ավանդաբար կազմակերպվում է ամեն տարի եւ բաղկացած է երկու` սպորտային ու մշակութային մասերից։ ՀՀ ՏԿԱԻ նախարարության պատանի հրշեջ-փրկարարների թիմը հավաքին մասնակցում է արդեն 4-րդ տարին եւ ամեն անգամ վերադառնում է պարգեւներով: Անցյալ տարի հավաքի մշակութային մրցույթում հայ պատանիների թիմն առանձնացել էր գեղեցիկ բեմադրությամբ ու արժանացել առաջին պատվավոր մրցանակին։