Հուլիսի 7-ին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն ընդունեց ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության (ԴՄԾ) հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Լեոնիդ Տրիշկինին: Սա Լ. Տրիշկինի առաջին այցն էր ՏԿԱԻՆ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին միգրացիոն ոլորտում Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության համագործակցության հարցերն ու սպասվող ծրագրերը: Նախարար Երիցյանը հատուկ ուշադրություն դարձրեց ՌԴ մուտքի խնդիր ունեցող ՀՀ քաղաքացիների հարցին՝ հատկապես ՌԴ-ում բնակվող այն 173000 ՀՀ քաղաքացիներին, ովքեր, գտնվելով ՌԴ տարածքում, դժվարանում են լքել Ռուսաստանի տարածքը, քանի որ հետո ՌԴ վերադառնալու խնդիր են ունենալու:

Քննարկվեցին նաեւ ՀՀ-ում ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության եւ համապատասխանաբար ՌԴ-ում ՏԿԱԻՆ ներկայացուցչության իրավական կարգավիճակի հարցերը:

Նախարար Արմեն Երիցյանն ու Լեոնիդ Տրիշկինը պայմանավորվեցին համատեղ քայլեր եւ լուծումներ մշակել քննարկված հարցերի շուրջ: