ՀՀ գլխավոր դատախազությունը հետաքննություն չի սկսել ՀԷՑ-ում և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում, ինչը պարտավոր էր անել Սերժ Սարգսյանի աուդիտի մասին ելույթից հետո: Այս մասին այսօր՝ հուլիսի 9-ին, Ազատության հրապարակում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ հրավիրված «Լուսավորիչ» հանրահավաքում իր ելույթում հայտարարեց շարժման համակարգողներից, հացադուլավոր Դավիթ Սանասարյանը: (ֆոտոռեպորտաժ)
«Եթե դատախազությունը հետաքննություն չսկսի նշված կառույցներում, ապա մենք հաջորդ հանրահավաքի ժամանակ հրաժարականներ են պահանջելու և ողջ պատասխանատվությունը դնելու ենք Սերժ Սարգսյանի վրա»,- ասաց Սանասարյանը:
Դավիթ Սանասարյանը խոսքով՝ իրենք հույս չունեն, որ աուդիտը ու դրա եզրակացությունն ի օգուտ ժողովրդի կլինի:
«Կա՞ մեկն այստեղ, որ հավատում է աուդիտին ու դրա եզրակացությանը: Սերժ Սարգսյանը սրանով քաղաքացիներին ծուղակն է գցում, նա գիտի, թե ինչպես պետք է լինի աուդիտի արդյունքները»,-ասաց նա:
Նշենք, որ Ազատության հրապարակում մեծ թվով ոստիկաններ կան: Ոստիկանական ուժերը կենտրոնացված են հրապարակի բոլոր ելքերի մոտ:
Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն այսօր հանրահավաքի համակարգողներին եւս մեկ անգամ հորդորեց մնալ Ազատության հրապարակում եւ երթ չանել:
Հիշեցնենք, որ երկու շաբաթ տեւած նստացույցից հետո հուլիսի 6-ին ոստիկանությունը բացեց Բաղրամյան պողոտան: Ցուցարարները, որոնցից 40-ից ավելին բերման ենթարկվեցին, նստացույցը տեղափոխեցին Ազատության հրապարակ: Նրանք այսօր հավաք են հրավիրել Ազատության հրապարակում, որից հետո հնարավոր է երթ:
Նշենք, որ դեռ օրեր առաջ ոստիկանությունը նրանց թույլ չէր տվել Ազատության հրապարակից երթ անցկացնել՝ պատճառաբանելով, որ այն նախապես արտոնված չէ:





























