Արցախում անցկացված ներդրումային հերթական համաժողովը կարող է շուտով առաջին արդյունքները տալ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երեւանի Առեւտրա-արդյունաբերական պալատի ղեկավար Կարեն Մարտիրոսյանը՝ մեկնաբանելով հունիսի 27-28-ին ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում անցկացված ամենամյա ներդրումային համաժողովը:

Համաժողովին մասնակցել են նաեւ մի շարք արտասահմանյան կազմակերպությունների ներկայացուցիչներ, հիմնականում՝ Ռուսաստանից, ինչպես նաեւ Բելառուսից եւ Շվեյցարիայից: Ղարաբաղյան կողմից համաժողովին շուրջ 100 ընկերություններ են մասնակցել:

Գործարարներն այցելել են նաեւ արցախյան մի շարք ձեռնարկություններ, այդ թվում՝ Ստեփանակերտի «Ֆորեսթ» մանածագործական ֆաբրիկա, Մարտունիի Կարմիր շուկա գյուղի «Ռեյփսիդ» ձեթի գործարան: «Տեղական եւ արտասահմանյան գործարարները շատ հաջող բանակցություններ անցկացրեցին, մեկ պայմանագիր արդեն ստորագրվել է»,- նշեց Մարտիրոսյանը:

Հավելենք, որ համաժողովը կազմակերպել էին Արցախի Ներդրումային հիմնադրամը եւ Հայաստանի Առեւտրա-արդյունաբերական պալատը: