Շրջանառության հարկի նոր ռեժիմը կարող է Հայաստանում կրճատել կեղծված ապրանքանիշերով ապրանքների շրջանառությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Արտակ Միքայելյանը:
Նրա խոսքով, նոր ռեժիմը փոքր եւ միջին բիզնեսին խթանում է ձեւակերպել գործարքները՝ 5-ի փոխարեն 1% հարկային դրույքաչափի հավակնելու համար: Այդ դեպքում դժվար կլինի թաքցնել կեղծված ապրանքների առքուվաճառքի իրական ծավալները: Իսկ դա կօգնի գնահատել ապրանքանիշերի իրավատերերի վնասը:
Եթե անգամ այդպիսի դեպքերը կրկնվեն, իրավատերերը կկարողանան դատական հայցի համար հիմնավորել իրենց վնասը: «Քրեական օրենսգիրքը պատիժ է նախատեսում 200 հազար դրամից ավելի գումարի կեղծված ապրանքների վաճառքի համար: Իսկ եթե գործարքների փաստաթղթեր չկան, ինչպե՞ս կարելի է հստակեցնել գումարի չափը: Միայն հայցվորի հայտարարության հիման վրա: Իսկ առանց փաստաթղթերի դա հիմնավորելը, իհարկե, ավելի դժվար է: Այդ պատճառով կարծում եմ, որ նոր ռեժիմի պարագայում փաստաթղթային շրջանառությունը կօգնի զգալիորեն կրճատել կեղծ ապրանքանիշերով ապրանքների շրջանառությունը»,- նշեց Միքայելյանը:





























