Հուլիսի 13-ին տեղի ունեցավ «Արի տուն» ծրագրի 4-րդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը:
Արիտունցիներին ողջունեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ նշելով. «Սիրով եւ ջերմությամբ ողջունում եմ ձեզ ձեր Հայրենիքում՝ Հայաստանի Հանրապետությունում: Սիրելի´ պատանիներ եւ աղջիկներ, կատարվել է բոլորիդ երազանքը եւ դուք արդեն ձեր Հայրենիքում եք: Երկար տարիներ ձեզ պատմել են Հայաստանի, Արցախի մասին, եւ դուք, ունենալով տեսական գիտելիքներ, այսօր արդեն տեսնում եք այն ամենը, ինչի մասին լսել եք: Այս օրերը ձեզ համար պետք է դառնան միմյանց եւ Հայրենիքը ճանաչելու օրեր: Դուք կայցելեք պատմամշակութային տարբեր վայրեր: Ամենակարեւորը՝ ձեռք կբերեք նոր ընկերներ, նոր բարեկամներ եւ, ինչու՞ ոչ, նոր ընտանիք: Այս օրերի ընթացքում դուք պետք է խոսեք միայն հայերեն եւ ավելի կատարելագործեք ձեր հայերեն խոսքը»: Նախարարը շնորհակալություն հայտնեց նաեւ հյուրընկալ ընտանիքներին, ովքեր ստեղծել են բոլոր պայմանները երիտասարդներին ընդունելու համար:
Գերատեսչության ղեկավարը կարեւորեց նաեւ ՀՀ տարբեր գերատեսչությունների, մարզային ու համայնքային կառույցների աջակցությունը «Արի տուն» ծրագրին:
Սփյուռքի նախարարը, ավանդույթի համաձայն, ամենակրտսեր մասնակցին՝ 13-ամյա Արմեն Պալյանին (Հորդանան) հագցրեց «Արի տուն» ծրագրի տարբերանշանով շապիկն ու գլխարկը եւ հանձնեց պայուսակը:
«Արի տուն» ծրագրի մասնակիցներին ողջունեց Ջրվեժ համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանը եւ նշեց, որ արդեն երկրորդ տարին է, ինչ հյուրընկալում են Հորդանանի «Յուզբաշյան-Կյուլպենկյան» վարժարանի սաներին, իսկ այս տարի հյուրընկալել են 19 երիտասարդի:
Ներկաներին ողջունեց նաեւ Վանաձորի պոեզիայի թատրոնի հիմնադիր ղեկավար Ջիվան Սարգսյանը, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժող-գործիքներ բաժնի ուսանողները՝ Արզաս Ոսկանյանի ղեկավարությամբ:
Ծրագրի չորրորդ փուլին մասնակցում է 153 երիտասարդ՝ աշխարհի 10 երկրից. ՌԴ-ից, ԱՄՆ-ից, Սիրիայից, Վրաստանից, Ուզբեկստանից, Հորդանանից, Ուկրաինայից, Իրաքից, Նիդեռլանդներից, Իսպանիայից:
Ինչպես նախորդ փուլերին, այս փուլին եւս «Արի տունն» ունի 4-օրյա ճամբարային ծրագիր՝ Ծաղկաձորում:





























