Երեւանի 27-ամյա բնակիչ Գագիկ Ա.-ն մեղադրվում է սպանության մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Գագիկ Ա.-ն հունվարի 18-ին Երեւան քաղաքի Աբելյան փողոցի 3-րդ շենքի բնակարաններից մեկի դռան դիմացի աստիճանահարթակում իր բնակարանի դուռը ուշ ժամի թակելու եւ իրենց անհանգստացնելու կապակցությամբ վիճել է Վազգեն Դ.-ի հետ: Վիճաբանության ընթացքում Գագիկը դանակով հարվածներ է հասցրել Վազգենի կենսական կարեւոր օրգաններ հանդիսացող դեմքի, կրծքավանդակի առաջնային, հետին մակերեսների եւ որովայնի շրջանում՝ սպանելով նրան:

Գագիկ Ա.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Նա կալանավորված է:

Գործը քննվում է Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Դատական նիստի օրը դեռ չի նշանակվել: