Եվրոպայի խորհրդի ռասիզմի դեմ պայքարի հանձնաժողովը ներկայացրել է ամենամյա զեկույցը, որի համաձայն՝ 2014թ. հիմնական միտումներն են եղել հակասեմականության, իսլամաֆոբիայի, համացանցում ատելության հրահրման եւ մարդատյաց քաղաքական հռետորաբանության աճը։

«Հակասեմականության, իսլամաֆոբիայի եւ ռասիզմի ակնհայտ աճը տագնապալի ազդակ է»,- հայտարարել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թուրբյորն Յագլանդը։

«Ողջ Եվրոպայում հանդուրժողականությունն ու ազատությունը տեղի են տալիս զայրույթին եւ մեղադրանքներին այն ժամանակ, երբ աշխարհամասի վրա կախված է տնտեսական անորոշությունը։ Եվրոպացիները իհարկե գիտեն, որ աճող անորոշության եւ տնտեսական անկայունությունը հանգեցնում են աղետի։ Եվրոպական երկրների կառավարությունները պետք է վճռականորեն հայտարարեն խտրականության դեմ պայքարելու  մասին»,- ասել է նա։

Գլխավոր քարտուղարը միացել է Եվրոպայի խորհրդի ռասիզմի դեմ պայքարի հանձնաժողովի եզրակացություններին, որ անհրաժեշտ է օգտագործել Եվրոպայի Խորհրդի գործիքները՝ ռասիզմին եւ անհանդուրժողականությանը հակազդելու համար։

Նա կազմակերպության անդամ երկրներին նաեւ կոչ է արել վավերացնել կիբերհանցագործության մասին Եվրոպայի Խորհրդի կոնվենցիան, որով համացանցում իրականացվող ռասիստական գործողությունները քրեական հանցագործություն են որակվում։