Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն այսօր՝ հուլիսի 14-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե եւ Թամար Մանուկյան» մատենադարանում հանդիպել է Հայաստանում վերապատրաստման դասընթացներին մասնակցող սփյուռքահայ 62 ուսուցիչների հետ:
Հանդիպման սկզբում Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը ողջունեց եւ բարի գալուստ մաղթեց 14 երկրների հայկական կրթական հաստատությունները ներկայացնող ուսուցիչներին` հույս հայտնելով, որ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ նրանք նոր լիցքերով կշարունակեն ուսուցչի վեհ առաքելությունը:
Այնուհետեւ հայագիտական առարկաներ դասավանդող սփյուռքահայ ուսուցիչներին իր օրհնությունն ու պատգամը բերեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նորին Սրբությունն ուրախություն հայտնեց, որ Հայաստանում սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման դասընթացները շարունակվում են եւ ավելի մեծ թվով ուսուցիչներ են մասնակցում դրանց: Վեհափառ Հայրապետը վերհիշեց նաեւ, որ առաջին տարիներին վերապատրաստման դասընթացները կազմակերպվում էին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության հետ համատեղ:
Նորին Սրբությունն ընդգծեց, որ բարձրորեն գնահատում է ուսուցիչների` նոր սերնդի դաստիարակության եւ կրթության գործում բերած նվիրյալ ծառայությունը: Հայոց Հայրապետն ասաց` իր սպասումն է, որ ուսուցիչները հայագիտական առարկաներ դասավանդելուց զատ երիտասարդ սերնդին հաղորդ դարձնեն նաեւ ազգային, հայրենական եւ համայնքային կյանքի իրողություններին, նրանց առիթ ընձեռեն ներգրավվելու տարբեր ծրագրերում եւ այդպիսով մասնակից դառնալու ազգային կյանքին: Գարեգին Բ Վեհափառը հաստատեց, որ դա է հայրենասեր, ազգասեր եւ նախանձախնդիր սերունդ կրթելու ճանապարհը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հավելեց, որ միայն Հայրենիքի նկատմամբ սեր, ապագայի հանդեպ հավատք եւ տեսիլք ունեցող անհատը կարող է հաղթահարել կյանքի բոլոր դժվարությունները:
Իր խոսքում Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ ուսուցիչները դասընթացի ավարտին իրենց երկրները կվերադառնան ոչ միայն նոր գիտելիքներով եւ փորձառությամբ, այլեւ` հոգեւոր-ազգային ապրումներով խանդավառված եւ ներշնչված ազատ ու անկախ Հայրենիքի իրողությամբ:
Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն արդյունավոր ընթացք ցանկացավ դասընթացներին:





























