Լեռնային Ղարաբաղ տեղափոխված ռուս գործարար Գերման Ստերլիգովը չի պատկերացնում, թե տարածաշրջանում ինչ իրավիճակ է տիրում։ Այս մասին հայտարարել է ռուս լրագրող, հրապարակախոս, նախկին պատգամավոր Ալեքսանդր Նեւզորովը «Հատուկ կարծիք»-ին տված հարցազրույցի ժամանակ։
Նրա համոզմամբ Ստերլիգովը, ում հետ ինքը ծանոթ է եւ նույնիսկ ընկերություն է արել, չափազանց հետաքրքրասեր, կրքոտ եւ ամեն գործում մինչեւ վերջ գնացող անձնավորություն է, ով, որքան էլ տարօրինակ է, հետաքրքրություն եւ հարգանք է ներշնչում։
Նեւզորովը նշել է, որ Ստերլիգովը ոչ թե ապրում է այնպես, ինչպես ցանկանում է, այլ իր հայացքները համարում է միակ ճիշտը։ Նա կրոնական մարազմի ազդեցության տակ է, երբ բոլորը սխալ են, իսկ ինքը՝ միակ ճիշտը։
«Նա որոշել է հեռանալ Լեռնային Ղարաբաղ՝ բացարձակ չհասկանալով, որ ապագայում այնտեղ ամեն բան չէ, որ հանգիստ է լինելու։ Ես լավ գիտեմ այդ տարածաշրջանը»,- վստահ է Նեւզորովը։ Տարածաշրջանը ճանաչելու փաստը նա հիմնավորում է այն հանգամանքով, որ «կար ժամանակ, երբ ստիպված էի ընտրել, թե ում կողմից պետք է կռվեմ՝ Հայաստանի, թե Ադրբեջանի»։
«Կռվել, նկարահանել եւ մնացած բաները։ Ընտրությունը պայմանավորված էր շատ կարեւոր մի գործոնով՝ եղանակով։ Մենք մեկնում էինք Երեւան եւ պետք է լինեինք հայկական կողմում։ Սակայն եղանակային պայմաններից ելնելով՝ հնարավոր չեղավ թռչել Երեւան, եւ մեկնեցինք Բաքու։ Շատ հաջող աշխատեցինք մյուս կողմում»,- հայտարարել է Նեւզորովը։




























