«Հրապարակ» օրաթերթի դեմ ՀՀ Պնախարարի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի ներկայացրած հայցը, որով նա օրաթերթից պահանջում է հերքում տպագրել եւ  ներողություն խնդրել իրեն զրպարտելու համար, ենթակա չէ քննության։ Այս մասին այսօր՝ հուլիսի 14-ին, Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում գործով առաջին դատական նիստին ասաց օրաթերթի ներկայացուցիչ Տիգրան Ավետիսյանը:

«Զանգվածային լրատվության մասին ՀՀ օրենքի համաձայն` լրատվական գործունեություն իրականացնողը հերքման պահանջն ստանալուց հետո մեկշաբաթյա ժամկետում պարտավոր է հերքման պահանջը ներկայացնողին տեղեկացնել հերքումը տարածելու ժամանակի մասին կամ գրավոր հայտնել հերքման տարածումը մերժելու մասին: Հայցվոր կողմը հայցադիմումը ներկայացրել է մեկշաբաթյա ժամկետին չսպասելով, հետեւաբար այն քննության առարկա լինել չի կարող լինել»,- ասաց նա՝ նշելով, որ օրաթերթը նախարարի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի փաստաբան Կարեն Մեժլումյանի՝ հերքում տպելու պահանջը ստացել է մայիսի 25-ին՝ փոստով, իսկ փաստաբանը նույն օրը ներկայացրել է հայցադիմումը:

Ներկայացուցիչը դատարանին միջնորդեց կարճել գործի վարույթը, դատարանը հետաձգեց միջնորդության քննարկումը: Դատարանը հետաձգեց նաեւ հոդվածի հեղինակ, լրագրող Սյուզաննա Սիմոնյանի միջնորդության քննարկումը՝ իր մասով վարույթը կարճելու վերաբերյալ: Սյուզաննա Սիմոնյանը նշեց, որ հայցից իր համար պարզ չէ՝ ինքը ինչ պետք է հերքի, տեքստը ինչով է զրպարտող: Սյուզաննա Սիմոնյանը նշեց նաեւ, որ իրենք մայիսի 23-ին հրապարակել են նույն հոդվածը՝ հղում անելով hzham.am կայքին, իսկ փաստաբանը գործից չհրաժարվելու համար անկախ դրանից դիմել է դատարան:

Հիշեցնենք, որ Կարեն Մեժլումյանը դիմել է դատարան՝ «Հրապարակ» օրաթերթից պահանջելով հրապարկել իրենց պատասխանը, հերքում տալ «Հանրությունն ուզում է իմանալ» վերտառությամբ հոդվածին եւ ներողություն խնդրել Ռուզաննա Խաչատրյանից։ Հիշեցնենք, որ այդ հոդվածում նշված է, որ Ռուզաննա Խաչատրյանը, վարելով ընկերոջ մեքենան, վթարի է ենթարկվել, ինչի հետեւանքով մարդ է մահացել: