Քրեակատարողական ծառայությունում համակարգային բարեփոխումները կրելու են շարունակական բնույթ եւ ուղղված են լինելու քրեակատարողական ծառայության աշխատանքների արդյունավետության բարձրացմանը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 15-ին, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում անցկացված ընդայլնված խորհրդակցության ժամանակ հայտարարել է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը:
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից հայտնում են, որ քրեակատարողական ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների, ինչպես նաեւ քրեակատարողական հիմնարկների կողմից 2015 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում իրականացված աշխատանքների ամփոփման ընթացքում քննարկվել են մի շարք կարեւոր հարցեր,տրվել գնահատականներ ինչպես կատարված աշխատանքների, այնպես էլ իրականացվող բարեփոխումների ընթացքի վերաբերյալ:
Չեն անտեսվել նաեւ քրեակատարողական հիմնարկների սանիտարահիգիենիկ-հակահամաճարակային եւ սննդի որակի ու անվտանգության խնդիրները:
Խորհրդակցության ավարտին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Ա. Օսիկյանը համապատասխան հանձնարարականներ տվեց ՔԿ հիմնարկների եւ ՔԿՎ ստորաբաժանումների ղեկավարներին՝ հորդորելով առավել հետեւողական եւ զգոն լինել իրենց առջեւ դրված աշխատանքները կատարելիս, եւ շեշտեց տեղում բարձրացված խնդիրների լուծմանը վերջիններիս հետամուտ լինելու կարեւորությունը:





























