Երեւանի միջով անցնող՝ Ստորին Հրազդանի ջրանցքն ամբողջությամբ պատնեշապատ չէ եւ վտանգ է ներկայացնում հասարակության համար:

53 կմ ձգվող ջրանցքի խորությունը հասնում է մինչեւ 3,2 մետրի: Մայրաքաղաքի տարբեր մասերում ջրանցքը մեծ մասամբ պատնեշապատ չէ, եւ տեղանքին անծանոթ մարդը շատ հանգիստ կարելի է հայտնվել այնտեղ, քանի որ նույնիսկ զգուշացնող վահանակ չկա:

Խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար դիմեցինք «Սեւան-Հրազդան ջրառ» ՓԲԸ տնօրեն Սամվել Հովհաննիսյանին, որի ընկերության ենթակայության տակ է գտնվում Ստորին Հրազդանի ջրանցքը: Ջրառը տնօրենը համաձայնվեց, որ ջրանցքներն իսկապես վտանգավոր են հասարակության համար:

«Խնդիր իսկապես կա եւ ոչ միայն Երեւանում, այլեւ մյուս բնակավայրերում նույնպես: Ջրանցքը պատնեշապատման համար մենք իրավական որեւէ պարտավորվածություն չունենք: Ամեն դեպքում մենք մեր ֆինանսական միջոցների սահմաններում անում ենք հնարավորը՝ անվտանգությունն ապահովելու համար»,- ասաց Սամվել Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ ջրանցքն ամբողջությամբ պատնեշապատելու համար ֆինանսական միջոցներ են հարկավոր, որը ընկերությունը չունի:

«Եղել են դեպքեր, երբ մենք ցանկապատել ենք, սակայն օրեր անց տեսել ենք, որ բնակիչները գողացել են ցանկապատը»,- հավելեց Սամվել Հովհաննիսյանը:

Ինչ վերաբերվում է պետության կողմից օժանդակությանը, ապա ջրառի տնօրենը նշեց, որ օգնություն կա, որն ուղղվում է այլ խնդիրների լուծման համար:

Նշենք, որ ջրանցքներում քիչ չեն մահվան ելքով դժբախտ դեպքերը: Մինչդեռ պետական մարմիններն այդ ուղղությամբ որեւէ աշխատանք չեն կատարում: