Միջուկային խնդրի վերաբերյալ Իրանի եւ վեցյակի միջեւ համաձայնության ձեռք բերումը իրական եւ լուրջ նախադրյալներ է ստեղծում մեր տարածաշրջանի անվտանգային ճարտարապետության արմատական դրական փոփոխության եւ, ըստ այդմ՝ Հայաստանի ու հայկական գործոնի էական հզորացման համար: Այս մասին հայտարարություն է տարածել Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Աշխարհի համար բացվող Իրանը եւ այդպիսի Իրանի հետ միասին աշխարհատնտեսական ծրագրերին մասնակցելու հեռանկարը մեզ հնարավորություն է տալիս հետխորհրդային տարածքի հետնապահից վերածվելու տարածաշրջանների ու քաղաքակրթությունների կամուրջ-միջնորդի եւ ապահովելու մեր անվտանգությունն ու տնտեսական զարգացումը:

Մյուս կողմից՝ այս բացառիկ պատմական պահից կարող ենք օգտվել միայն այն դեպքում, երբ վերականգնենք մեր ժողովրդի իշխանությունը եւ վերագտնենք մեր ինքիշխանությունը:

Ուստի, ողջունելով այս դարակազմիկ գործընթացը, հայաստանյան բոլոր առողջ ուժերին եւ անհատներին հորդորում ենք իրատեսորեն գնահատել իրավիճակը, վերանայել մինչ այս որդեգրած ռազմավարությունները եւ համախմբվել հնարավորինս շուտ ապազգային ու հանցավոր ռեժիմին հեռացնելու եւ Հայաստանի ինքնիշխանությունը հաստատելու նպատակի շուրջ»: