Ֆինանսական բուրգի գործով ամբաստանյալ Արթուր Անդրեասյանին առաջադրված մեղադրանքը հնարավոր է՝ կրկին փոփոխվի: Այս մասին այսօր՝ հուլիսի 15-ին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ասաց մեղադրող Արթուր Երիցյանը, երբ պաշտպանական կողմը նոր տեղեկանք ներկայացրեց դատարանին:
Տեղեկանքի համաձայն՝ ամբաստանյալ Արթուր Անդեասյանը, որը մեղադրվում է պաշտոնատար անձանց դրամական մեծ վնասներ պատճառելու մեջ, ձերբակալվելուց ամիսներ առաջ երեք անգամ վճարում է կատարել (1600 ԱՄՆ դոլարի չափով) վարկի մայր գումարը մարելու նպատակով:
Մեղադրող Արթուր Երիցյանը միջնորդեց հետաձգել դատական նիստը, որպեսզի ծանոթանա տեղեկանքին: Մեղադրողի խոսքով՝ տեղեկանքն ուսումնասիրելուց հետո, գուցե, անհրաժեշտություն լինի կրկին փոփոխել Արթուր Անդեասյանին առաջադրված մեղադրանքը:
Նախագահող դատավոր Գագիկ Պողոսյանը բավարարեց նիստը հետաձգելու մասին մեղադրողի միջնորդությունը: Հաջորդ դատական նիստը կկայանա հուլիսի 17-ին:
Հիշեցնենք, որ Արթուր Անդրեասյանին մեղադրանք է առաջադրվել նրա համար, որ նա բուքմեյքերական գործունեությամբ եւ արտարժույթի առուվաճառքով զբաղվելիս հայտնվելով անվճարունակ վիճակում, 2010թ. հունիսին որոշել է ՀՀ ոստիկանությունում ղեկավար պաշտոններ զբաղեցնող գնդապետ Կարեն Բաբակեխյանի, գեներալ-մայոր Ներսես Նազարյանի, վերջինիս որդու՝ Երեւան քաղաքում գործող «Մոսկվիչկա» խանութների ցանցի սեփականատեր Արմեն Նազարյանի, ինչպես նաեւ նրանց ընտանիքների անդամների հետ ունեցած մտերմության ու դրանով պայմանավորված իր անձի նկատմամբ շրջապատում ձեւավորված վստահության շահարկմամբ խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով ձեռնարկատիրական գործունեության մեջ ներդնելու եւ դրա դիմաց շահույթներ ստանալու պատրվակով հափշտակել տարբեր քաղաքացիների առանձնապես խոշոր չափերով գումարները եւ ձեռք բերել իրավունք նրանց անշարժ գույքի նկատմամբ:
Նշենք, որ մեղադրող Արթուր Երիցյանը պահանջել է 14 տարվա ազատազրկման ենթարկել Արթուր Անդրեսյանին՝անձնական գույքի բռնագրավմամբ` բայց ոչ ավելի, քան յոթ տուժողներին պատճառված վնասը՝ 422 միլիոն 252 հազար 210 դրամ:





























