Beeline-ը եւ ԻՏՁՄ-ն պարգեւատրեցին ԴիջիՔամփ ամառային տեխնոլոգիական ճամբարի հաղթողներին։ Հուլիսի 6-ից-16-ը Դիլիջանի «Լեռնային Հայաստան» առողջարանում անցկացված ճամբարին մասնակցել են ՀՀ մարզերից եւ Երեւանից շուրջ 50 երիտասարդ, որոնց ներկայացրած գործարար առաջարկներն լավագույն են ճանաչվել ընտրական փուլի արդյունքում։
Ճամբարի մասնակիցները մի քանի տասնյակ նորարար գաղափարներից ընտրեցին 9 նախագիծ։ Առավել հետաքրքիր գաղափարների իրականացման նպատակով կազմվեցին աշխատանքային թիմեր, որից հետո մասնակիցները կատարելագործեցին իրենց նախագծերը՝ փորձագետների խորհրդվատության, գործարարների եւ թիմային աշխատանքի շնորհիվ։
Հանձնաժողովի որոշմամբ ճամբարի հաղթող է ճանաչվել LinguaCode նախագիծը, իսկ խրախուսական մրցանակների են արժանացել G-Pulse, Tech Bag, Dimord եւ ԱՐՏԱ նախագծերը: Բոլոր հաղթողներն արժանացան տարբեր մրցանակների Beeline-ի եւ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից, իսկ ճամբարի բոլոր մասնակիցներին հանձնվեցին ԴիջիՔամփ 2015–ի հավաստագրեր:
«Շնորհավորում եմ հաղթողներին եւ շնորհակալություն հայտնում տեխնոլոգիական ճամբարի երիտասարդներին ակտիվ մասնակցության համար։ Հայ երիտասարդներն, իրոք, տաղանդավոր են եւ այսօր մենք տեսնում ենք դրա վառ օրինակը. նրանք փորձում են իրենց սեփական ջանքերով եւ աշխատանքով կերտել իրենց ապագայի կանաչ ճանապարհը, առավել քան համոզված եմ, որ նրանցից շատերը դառնալու են հաջող ձեռնարկատերեր եւ իրենց լուման են ներդնելու երկրի տնտեսության զարգացման գործընթացում։ Beeline-ն իր հերթին մշտապես կաջակցի տաղանդավոր երիտասարդներին՝ ընձեռելով հնարավորություն հասնել ավելիին, նվաճել նորանոր բարձունքներ եւ կօգնի նրանց կյանքը դարձնել էլ ավելի լավը»,- նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը ընդգծեց. «ԴիջիՔեմփը բացի նորարարական գաղափարների բացահայտումից եւ բիզնեսի նախագծման հմտությունների սերտումից, ունի նաեւ մեկ այլ կարեւոր նպատակ: Մենք առանձնակի կարեւորում ենք պատանիների շրջանում թիմային աշխատանքի հմտությունների զարգացումը, քանի որ հենց թիմային ոգին է, որ առաջ է բերում նոր գաղափարներ ու հաջողություններ: Ուստի, ճամբարի օրակարգը բացի դասախոսություններից լի է նաեւ ժամանցային տարբեր միջոցառումներով: Այս օրերին պատանիներն իրենց բիզնես գաղափարների զարգացմանը զուգահեռ մասնացկել են մի շարք արշավների, էքսկուրսիաների, պարային միջոցառումների եւ այլն»։
Դիջիքեմփ ամառային ճամբարի հիմնական նպատակն երիտասարդների շրջանում տեխնոլոգիական ձեռներեցության աջակցությունն է, ինչպես նաեւ մոտիվացնող եւ կրթական միջավայրի ձեւավորումն ու երիտասարդ սերնդի ոգեշնչումը` ստեղծելու սեփական բիզնես եւ բիզնես ծրագրեր: Նորարարական ճամբարի մասնակիցները ներկա գտնվեցին պրոֆոսիոնալների կողմից անցկացվող սեմինարներին եւ ժամանցային-ճանաչողական միջոցառումներին, մասնակցեցին մասնագետների դասախոսություններին:
Հիշեցնենք, որ Beeline-ը հանդիսանում է ամենամյա DigiCamp ամառային տեխնոլոգիական ճամբարի մշտական գլխավոր գործընկերը: Ճամբարի հիմնական նպատակն է տեղեկատվական տեխնոլոգիաներով զբաղվող երիտասարդներին համախմբելը, մոտիվացիոն եւ կրթական միջավայր ստեղծելը, ճամբարի երիտասարդ մասնակիցներին ոգեշնչելը` ստեղծելու սեփական բիզնես եւ իրագործելու սեփական ծրագրերը։





























