Արդեն 3 լրատվամիջոց անդրադարձել են Նազարբեկյան 48 անավարտ շենքում «նվեր» ստացած  բնակիչների ահազանգերին, սակայն ձայն բարբառո հանապատի: Այս մասին Երեւանի քաղաքապետ։ Տարոն Մարգարյանին ուղղված բաց նամակում նշել է Երեւան ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անարհիտ Բախշյանը:

Նամակում նաեւ ասվում է.

«Հունիսի 15-ին Ձեզ նամակ եմ գրել, չեք պատասխանել, բաց  նամակ եմ  հղել ՀՀ վարչապետին ու առաջին տիկին Ռիտա Սարգսյանին, նույնպես պատասխան չկա: Ինձ պատասխանել է  միայն  պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, այն էլ ոչ մի հուսադրող բան չի գրել: Ահա մեջբերում եմ այդ նամակից.

«Երեւանի քաղաքապետի 1997թ. օգոստոսի 5-ի 853 որոշմամբ, ՀՀ կառավարության 1997թ. հունիսի 18-ի «Քաղաքացիներին ամրակցված անավարտ շինարարության պետական (հանրային) բազմաբնակարան բնակելի տների բնակարանների սեփականաշնորհման կարգը հաստատելու մասին» հ. 191 որոշման համաձայն նշված շենքի բնակարանների սեփականաշնորհման գործընթացն ապահովելու համար, Նազարբեկյան փողոցի N48 հասցեում գտնվող բազմաբնակարան անավարտ շենքը 12.08.1997թ. ակտով հանձնվել է Երեւանի Աջափնյակ թաղային համայնքին, սակայն խնդիրը չի կարգավորվել:

«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի ընդունումից եւ Երեւանի որպես առանձին համայնք ձեւավորվելուց հետո, վերոնշյալ շենքը չի ընդունվել Երեւան համայնքի հաշվեկշիռ, չնայած որ նույն օրենքի 110-րդ հոդվածի 1-ին կետի, Երեւան համայնքը համարվում է նախկին թաղային համայնքների գույքի սեփականատեր եւ իրավահաջորդ: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ բազմաբանակարան բնակելի շենքի ընդհանուր օգտագործման տարածքների նկատմամբ բաժնային սեփականության իրավունք ունենալը, ինչպես շենքի մյուս բնակարանների սեփականատերերի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության կամ ՀՀ-ում սեփականության իրավունքի որեւէ այլ սուբյեկտի համար չի կարող առաջացնել կիսակառույց շենքը ավարտին հասցնելու պարտավորություն: Իսկ բազմաբնակարան շենքերի կառավարման, բազմաբնակարան շենքի սեփականատերերի ընդհանուր բաժնային սեփականության, դրանց նկատմամբ ունեցած իրավունքները եւ պարտականությունները սահմանված են «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքով»:

Այսինքն  կառավարության որոշումը  չի  պարտադրում, որ  այդ մարդիկ իրենք պետք է ավարտին հասցնեն  շենքի կառուցապատումը:

Չգիտեմ, նախորդ քաղաքապետերի  անփութության, անխղճության, թե անտարբերության պատճառով, ավելի ճիշտ պատասխանատվությունից խուսափելով,  Նազարբեկյան 48 հասցեի շենքը  համարել են Երեւանի քարտեզից դուրս, չնայած այս բնակիչների ձայները  օգտագործվել են բոլոր տեսակի ընտրությունների ժամանակ, նույնը շարունակվում է Ձեր օրոք:

Ավելին, շենքի 54  բնակարաններից 51-ը Կադաստրից ստացել են սեփականության վկայականներ: Ուրեմն, եթե շենքը չի պատկանում Երեւանին, ինչպե՞ս  են տրվել այդ շենքի սեփականության վկայականները: Ստացվում է, որ Կադաստրի աշխատակիցներն անօրեն գործարք անելու համար պետք է հայտնվեն բանտո՞ւմ:

Վերջին 15 տարիներին  քաղաքապետի առաջին տեղակալ պարոն Արեյանն անպայման պետք է հիշի, թե ինչպե՞ս Նազարբեկյան 48 շենքը Աջափնյակ համայնքից չանցավ  Երեւանի  համայնքի  հաշվեկշռին: Ինքը պետք է պատասխան տա  այն հարցին, թե ինչո՞ւ այդ  51  ընտանիքները հայտնվեցին նման անմարդկային  պայմաններում  պարտադրված գոյատեւելու վիճակի մեջ, որտեղ ամեն վայրկյան վտանգված է նրանց կյանքը:  Ակնհայտ է, որ  այս վիճակի պատասխանատուներից մեկն էլ ինքն է:

Քանի դեռ այնտեղ որեւէ դժբախտ դեպք չի արձանագրվել, այս խնդրի լուծումը պետք է գտնել, պետք է շենքն ամրացնել, տանիքն ու վերելակները սարքել, կոյուղին քաշել:

Մի'  օգտվեք այդ մարդկանց անելանելի ու   անտեր վիճակից:

Պահանջում ենք  այս խնդրի հրատապ լուծում: