Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության եւ վարչական շրջանների աշխատակազմերի համապատասխան բաժինների կողմից մայրաքաղաքում շարունակվում է անօթեւանների հավաքագրման, ժամանակավոր կացարանում տեղավորման եւ նրանց սոցիալական աջակցության ցուցաբերման գործընթացը։
Այս համատեքստում Երեւանի քաղաքապետարանը հայ-դանիական «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի հետ նախաձեռնել եւ արդեն մի քանի տարի իրականացնում է մայրաքաղաքի անօթեւաններին ժամանակավոր կացարաններում տեղավորելու ծրագիրը: Ներկայումս կացարանում բնակվում են նաեւ նախկինում Կենտրոն վարչական շրջանի տարածքի կիսակառույցներում, կանգառասրահներում, շենքերի մուտքերում, այգիներում, աղբարկղներին հարակից հատվածներում գիշերող մարդիկ:
Վարչական շրջանի ղեկավարի նախաձեռնությամբ, համագործակցելով անհատ բարերար Հերմինե Սարգսյանի հետ, օրերս վարչական շրջանի սոցիալական ապահովության, առողջապահության եւ ծրագրերի բաժնի պետ Էվելինա Եղիազարյանը բարերարի հետ այցելել են կացարանի բնակիչներին: Նրանք ծանոթացել են կացարանի պայմաններին, բնակիչներին հագուստ եւ կոշիկներ նվիրել:
Նշենք, որ դեռեւս 2011 թվականի տարեվերջին քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մշակված սոցիալական կարեւոր նշանակություն ունեցող այս ծրագրի շրջանակում քաղաքապետարանի ֆինանսավորմամբ եւ հայ-դանիական «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ լուծվել են ոչ միայն կացարանի, այլեւ այնտեղ բնակվողների սննդի, հիգիենայի, խնամքի եւ առաջնահերթ այլ միջոցառումների կազմակերպման խնդիրները:





























