Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը հանդիպել է «Արի տուն» ծրագրով ամռանը Հայաստան այցելած սփյուռքահայ երեխաներին հայերեն դասավանդող ուսուցիչների հետ։
Քննարկելով երկշաբաթյա ուսուցման ծրագիրը՝ հանրակրթության վարչության պետն առաջարկել է այսուհետ ուսուցումը կազմակերպել՝ խմբերը բաժանելով ըստ երեխաների հայերենի իմացության, որպեսզի գիտելիքներով համալրումը յուրաքանչյուր երեխայի՝ արդեն ունեցած գիտելիքների վրա հիմնված լինի. այսպիսով երկշաբաթյա ուսուցումը հնարավորինս արդյունավետ կլինի, եւ բոլոր երեխաները հայրենասիրական երգերից ու որոշ ընդհանուր թեմաներով զրույցներից բացի, կհասցնեն հայերենագիտական այլ գիտելիքներ էլ ստանալ։ Հանրակրթության վարչության պետը պատրաստակամություն է հայտնել այս հարցում մեթոդական եւ անհրաժեշտ այլ աջակցություն ցուցաբերել: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաեւ առաջիկայում դասալսումների վերաբերյալ։
Ուսուցումն իրականացվում է Երեւանի քաղաքապետարանի ենթակայության Ստ. Շահումյանի անվան հ.1 դպրոցում։ Դասերը վարում են Երեւանի կրթական համակարգի մասնագետները։
Արդեն 7-րդ տարին է՝ «Արի տուն» ծրագրով Հայաստան են այցելում 13-18 տարեկան սփյուռքահայ երեխաներ եւ երկու շաբաթ բնակվում Երեւանի, ինչպես նաեւ Հայաստանի այլ համայնքների հյուրընկալ ընտանիքներում։ Այդ ընթացքում երեխաները, Երեւանի ու Հայաստանի տեսարժան վայրեր այցելություններից բացի, հաճախում են նաեւ հայերենի երկշաբաթյա դասերի։





























