Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նորակոչիկներից 3 բան է պահանջում՝ լսել ծնողներին, արագ մտնել զինվորական ծառայության մեջ եւ խելացի հրամանատարների խելացի ղեկավարմամբ տիրապետել հայրենյաց պաշտպանի մասնագիտությունը եւ լավ կերպով ծառայել հայրենիքին:

Նախարարը, որն այսօր՝ հուլիսի 16-ին, այցելել էր Հանրապետական կենտրոնական հավաքակայան` ծանոթանալու ամառային զորակոչի գործընթացին, լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ իր 3 պատգամները կատարելու դեպքում զինծառայողը գիտակցաբար կկատարի իր սահմանադրական պարտքը:

«Այսօր չտեսա մի զինծառայող, որը գիտակցաբար չէր եկել ծառայության: Մենք տարեցտարի բանակը դարձնում ենք մարդակենտրոն, որ մեր քաղաքացիները հասկանան՝ զինծառայողը հրամանատարության համար ոչ թե ռեսուրս է, այլ անհատականություն»,- ասաց Սեյրան Օհանյանը:

Մինչեւ հավաքակայան մտնելը՝ ՊՆախարարը զրուցեց զորակոչիկների ծնողների հետ, հորդորեց նրանց օգնել զրոյացնել կոռուպցիոն ռիսկերը: Ծնողներից մեկի դիտարկմանը, թե իր ավագ որդին ծառայում է ԼՂՀ պաշտպանության բանակում, Սեյրան Օհանյանը նկատեց. «Իմ որդիներն էլ են ԼՂՀ-ում ծառայել: Մեկը ռազմական ակադեմիան ավարտեց, նորից վերադառնում է Արցախ՝ ծառայությունը շարունակելու»:

Այնուհետեւ Սեյրան Օհանյանը Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանի հետ շրջեց հավաքակայանում, ծանոթացավ զորակոչիկների հետ, մասնակցեց վիճակահանությանը:

Նշենք, որ ամառային զորակոչը կավարտվի հուլիսի 31-ին: