Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ, Արարատի մարզային վարչության եւ Արարատի բաժնի ծառայողները, ապօրինի թմրամիջոց պահելու եւ իրացնելու կասկածանքով, Նոյակերտ գյուղի սկզբնամասից Արարատի բաժին բերման են ենթարկել 46-ամյա Գագիկ Մ.-ին եւ 47-ամյա Վարշամ Բ.-ին՝ վերջինիս վարած «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենայով:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Վարշամ Բ.-ի անձնական խուզարկությամբ եւ նրա վարած ավտոմեքենայի զննությամբ ոչինչ չի հայտնաբերվել: Գագիկ Մ.-ի գրպանից հայտնաբերվել է փայլաթղթե փաթեթ, որի մեջ առկա էր կանեփի յուրահատուկ հոտով 5.1 գ կշռով զանգված:
Գագիկ Մ.-ն բացատրություն է տվել, որ թմրամիջոցը պատրաստել է Ավշար գյուղի իր տանը աճեցրած, մշակած եւ խնամած կանեփի բույսի թփերից:
Վերջինս նաեւ նշել է, որ իր պատրաստած թմրամիջոցից հուլիս ամսվա սկզբներին երկու անգամ հյուրասիրել է Վարշամ Բ.-ին:
Հուլիսի 15-ին, ժամը 22.50-ի, Գագիկ Մ.-ի տան բակից հայտնաբերվել, արմատախիլ է արվել կանեփանման մշակված եւ խնամված բույս:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:





























