Պետականությունը կործանման եզրին հասցրած եւ ներքուստ թուլացած ռեժիմը փորձում է այսպես կոչված սահմանադրական բարեփոխումների միջոցով երկարաձգել իր կառավարումը: Այս մասին հայտարարություն է տարածել Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը:
Հայտարարությունում նաեւմ ասվում է. «Երկու պատճառով անհրաժեշտ է առավել քան լրջորեն վերաբերել այս երեւույթին: Նախ՝ երկրի կործանման ընթացքը ներքին եւ արտաքին ասպարեզներում մոտենում է անդառնալի փոփոխությունների կետին: Բացի այդ՝ այս անգամ ռեժիմը ձգտում է հերթական ընտրակեղծիքի փոխարեն իր վերարտադրությունն ապահովել հատուկ այդ նպատակով մշակված սահմանադրական մեխանիզմի միջոցով:
Այդ մեխանիզմի ներդրումից հետո մեր երկիրը ներքին ասպարեզում վերածվելու է ժողովրդավարական դեկորացիաներով ցանկապատված համակենտրոնացման ճամբարի, իսկ արտաքին ասպարեզում՝ անկախությունից զուրկ տարածքային միավորի:
Ուստի պետք է օգտվել ռեժիմի նախաձեռնած այս հարկադիր կերպափոխման ընթացքում նրա թուլանալու առիթից, համախմբել ժողովրդին, քաղաքացիական զանգվածային անհնազանդության քայլերով հեռացնել ռեժիմին եւ համակարգային փոփոխությունների միջոցով երկիրը հանել աղետալի վիճակից:
Այդ նպատակին հասնելու համար Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը բոլոր առողջ ուժերին ու անհատներին առաջարկում է ձեւավորել հարթակ եւ այնտեղ կազմակերպվող քննարկումների միջոցով մշակել միասնական դիրքորոշում եւ գործողությունների ծրագիր:





























