Քրեական հեղինակություն «Թեւոսիկի» եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանության մեջ մեղադրվող Իսրայել Սարգսյանը պահանջում է, որ դատարան ներկայանա գործով կարեւորագույն վկա, նախկինում գործով մեղադրյալ Տիգրան Ասատրյանը: Այս մասին այսօր՝ հուլիսի 17-ին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց Իսրայել Սարգսյանը՝ ավելացնելով, որ դատակոչված բոլոր վկաները ոչինչ չգիտեն դեպքի մասին:
«Միակ վկան, որ գործում կա, ինքն ա: էս մնացած 87 վկաները գալու են ու գնան, ոչ ոք ոչ մի բան չի խոսալու, որովհետեւ ոչ մեկ ոչ մի բան չգիտի: Միակ մարդը, որ պետք ա գա, ինքն ա ու չի գալիս: Մի անգամ եկավ ու փախավ: Ինչի՞ց ա փախնում ինքը: Եթե տենց լավ տղա ա, ճիշտ տղա ա, թող գա պատասխան տա: Թող բոլորն իմանան, թե շան գլուխը որտեղ ա թաղված: Թող գա, Թեւոսն իմանա՝ իրա սանիկը ընտանիքին ինչքան նվիրված տղա ա: Թող ինքն էլ ինձ հարցեր տա, ես պատրաստ եմ իրա բոլոր հարցերին պատասխանել: Ես չունեմ վախենալու: Ինչի՞ ա ինքը վախենում, խուսափում ստեղ գա, իմ աչքերին նայի եւ հարցերիս պատասխանի: Ինքը լավ հասկանում ա, թե ես իրան ինչ հարցեր պետք ա տամ»,- բորբոքված ասաց Իսրայել Սարգսյանը:
Նշենք, որ 3 վկաներին հարցաքննելուց առաջ ամբաստանյալի պաշտպան Հեկտոր Սարդարյանը հայտարարեց, որ հրաժարվում է հարցեր տալ վկաներին, քանի որ նրանք գործի հանգամանքներին վերաբերող էական ցուցմունքներ չեն տալիս: Պաշտպանը եւս միջնորդեց դատարան հրավիրել նախկինում գործով մեղադրյալ, ապա վկա ճանաչված Տիգրան Ասատրյանին:
Նիստը նախագահող դատավոր Արմեն Բեկթաշյանը հայտարարեց, որ Տիգրան Ասատրյանը պատշաճ կծանուցվի, որից հետո էլ չներկայանալու դեպքում բերման կենթարկվի դատարան:
Հիշեցնենք, որ հունվարի 27-ին, անհայտ անձը Արամի նրբանցքի շենքերից մեկի մուտքի մոտ կրակել եւ սպանել էր 41-ամյա Արթուր Սաֆարյանին՝ քրեական հեղինակություն «Թեւոսիկի» եղբորը: Ոստիկանները գործով կալանավորել են Իսրայել Սարգսյանին, որը Գոռ Վարդանյանի գլխավորած «Դուքենդո» ֆեդերացիայի անդամներից է, եւ Տիգրան Ասատրյանին, որն ավելի ուշ ազատ է արձակվել: Քրեական գործով պարզվել էր, որ Իսրայել Սարգսյանն իր ընկեր Մովսես Ներսիսյանին պատվիրել է կատարել Արթուր Սաֆարյանի սպանությունը, իսկ կատարելուց հետո Մովսեսին սպանել է, դին տեղափոխել է Քանաքեռավանի դաշտ եւ նետել կոյուղու դիտահորը: Իսրայել Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր-օրի 104 հոդվածի 1-ին մասի 11 կետի (սպանություն) եւ 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:





























