Լոռու մարզի բնակիչ, փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության գործով նոր ապացույցներ են ձեռք բերվել, որոնք հետազոտելու դեպքում, հնարավոր է` փոփոխվի ամբաստանյալներ Սամվել Դիլոյանին և Վերանյան եղբայրներին առաջադրված մեղադրանքը: Այս մասին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում հայտարարել է մեղադրող դատախազը՝ չպարզաբանելով՝ մեղադրանքը կմեղմացվի, թե կխստացվի:

«Մեղադրանքը պետք է փոխվի: Կան մի շարք ապացույցներ, որոնք նոր են ձեռք բերվել, դրանք ևս պետք է հետազոտվեն, ինչի համար ողջամիտ ժամկետ է պետք: Ապացույցները պետք է նորից հետազոտվեն՝ ամեն մեկը առանձին-առանձին և համակցության մեջ, արարքի հետ կապված վերաբերելիության տեսակետից գնահատելու, տեսնելու՝ արդյոք առաջադրված մեղադրանքը հնարավոր է, թե ոչ, որից հետո պատասխանատու միջնորդությամբ հանդես կգամ»,- ասաց մեղադրող դատախազը՝ միջնորդելով հետաձգել դատական նիստը:

Տուժող և պաշտպանական կողմերը խնդրեցին մանրամասնել այս անորոշ հայտարարությունը: Պաշտպանական կողմը մասնավորապես հետաքրքրվեց՝ արդյոք այդ փոփոխությամբ հնարավոր չէ մեղադրանքից հրաժարվելու հարց քննարկել:

Մեղադրողը պնդեց միայն, որ մեղադրանքի շուրջ պետք է պարտադիր միջնորդություն ներկայացվի, իսկ թե ինչ բովանդակության՝ քրեական հետապնդումը դադարեցնելու, մեղադրանքը փոփոխել-լրացնելու, թե մեղադրանքից հրաժարվելու մասին, տվյալ պահին հրաժարվեց պարզաբանել:

Պաշտպանական կողմը նշեց, սակայն, որ դատախազությունն այլևս նոր ապացույց ներկայացնելու իրավասություն չունի, իսկ նման քայլի դիմելով՝ դուրս կգա իր պաշտոնեական լիազորություններից՝ խախտելով պաշտպանական կողմի պաշտպանության իրավունքը:

Դատավորը բավարարեց գործի քննությունը հետաձգելու՝ դատախազության հերթական «ողջամիտ» խնդրանքը՝ հիմնավորելով, որ հիմքերի առկայության դեպքում մեղադրանքի կողմն օժտված է մեղադրանքը փոփոխելու լիազորությամբ:

Փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության գործով փոփոխված մեղադրանքի բովանդակությունը հայտնի կդառնա հուլիսի 22-ին:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am–ը, նոյեմբերի 18-ի երեկոյան Ս. Շարբաթյանը «Մուշ» ռեստորան էր հրավիրել Վանաձոր քաղաքի բնակիչ Արտակ Վերանյանին եւ իր քրոջ որդի Հ. Ասլիկյանին` նպատակ ունենալով Արտակ Վերանյանից պահանջելու, որպեսզի վերջինս չհետապնդի իր քրոջ դստերը: Համաձայն պայմանավորվածության` նշված ժամին ռեստորան են գնացել Հ. Ասլիկյանը եւ Արտակ Վերանյանը` վերջինիս եղբայր Արեն Վերանյանի եւ ընկերոջ` Ս. Դիլոյանի հետ: Ժամը 22:00-ի սահմաններում վերոնշյալ հարցի շուրջ վիճաբանություն է սկսվել, որը վերածվել է ծեծկռտուքի` արդեն ռեստորանի բակում: Արդյունքում` Ս. Շարբաթյանը դեմքին եւ քթի շրջանում մեկ հարված է ստացել, ինչն էլ, փորձաքննության համաձայն, հանգեցրել է գլխուղեղի ֆունկցիաների խանգարման: Վնասվածքն ստանալուց հետո Ս. Շարբաթյանը տեղափոխվել է ռեստորանի առանձնասենյակ, որտեղ եւ գիտակցության չգալով` մահացել էր:

2012թ. նոյեմբերի 19-ին`ժամը 20:00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Գուգարքի բաժին կամովին ներկայացել էր Արտակ Վերանյանը՝ Արեն վերանյանի եղբայրը, ներկայացրել օդամղիչ ատրճանակ եւ հայտնել, թե Ս. Շարբաթյանի հետ վիճաբանել է ինքը եւ ինքն է բռունցքով հարվածել նրա դեմքին: Իսկ Արեն Վերանյանն ու Սամվել Դիլոյանը դիմել էին փախուստի, սակայն ավելի ուշ կալանավորվել են: Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-ին մասի 7-րդ կետի եւ 250 3-րդ մասի 1-ին կետով: