Հուլիսի 17-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեային, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում:
Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, Հայաստանի Հանրապետությունում ԵՄ պատվիրակության գրասենյակի գործառնական բաժնի ղեկավարի տեղակալ Խոսե Մեդինա Նավարրոն, ՀՀ էկոնոմիկայի ԵՄ եւ ԱՀԿ վարչության պետ Արթուր Մայսուրյանը եւ նախարարության այլ աշխատակիցներ:
Կարեն Ճշմարիտյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին սերտ համագործակցության համար եւ կարեւորել ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակում դեսպանի եւ նրա աշխատակազմի դերն ու աջակցությունը: Նա մեկ անգամ եւս շեշտել է, որ ԵՄ հետ համագործակցությունը Հայաստանի համար շարունակում է մնալ առաջնայնություն եւ ՀՀ-ն պատրաստակամ է շարունակել խորացնել ԵՄ հետ առեւտրատնտեսական հարաբերությունները բոլոր հնարավոր ոլորտներով եւ ուղղություններով:
Տրայան Հրիսթեան բարձր է գնահատել ՀՀ էկոնոմիկայի նախարարության կատարած աշխատանքը` որպես ԵՄ աջակցության ծրագրերի ազգային համակարգող եւ շնորհակալություն է հայտնել իր պաշտոնավարման ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ արդյունավետ համագործակցության համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել եւ ամփոփվել են ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակներում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, մասնավորապես, ԵՄ բյուջետային աջակցությանը, ընթացիկ եւ բանակցային փուլում գտնվող մի շարք ծրագրերին, «GSP+» արտոնյալ առեւտրային ռեժիմին, Հայաստանում կիրառվող Թվինինգ եւ Թայեքս գործիքներին, COSME եւ Հորիզոն 2020 ծրագրերին ՀՀ անդամակցության գործընթացին, ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագրին եւ ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցության նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցային գործընթացների մեկնարկին, ինչպես նաեւ առանձին ոլորտային համագործակցությանն առնչվող հարցեր:





























