Քրեական հեղինակություն «Քանաքեռցի Տույը»՝ Արթուր Ղազարյանը, որեւէ խնդիր չունի թե «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, թե դրանից դուրս: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբանը՝ Երեմ Սարգսյանը՝ մեկնաբանելով լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, թե «Նուբարաշենում» Տույի վերաբերյալ թեմաներ կան, անցանկալի զարգացումներից խուսափելու համար նրան պահում են կարանտինում:

Նա նշեց, որ Արթուր Ղազարյանը գտնվում է «կարանտինում», որտեղ մնալու համար օրենքով սահմանված  է  7օրյա ժամկետ, այն դեռ չի լրացել:  «Նա ցանկանում է բարձրանալ  հիմնական խուց, քանի որ այնտեղ պայմաններն ավելի լավ են, բայց կարանտինում մնալու համար սահմանված է 7 օրյա ժամկետ, ժամկետը լրանալուց հետո նրան կտեղափոխեն հիմնական խուց»,-ասաց փաստաբանը:

Երեմ Սարգսյանը նշեց, որ իր պաշտպանյալը 2-րդ կարգի հաշմանդամ է, բուժման կարիք ունի, այժմ համապատասխան բժշկական փաստաթղթեր են ներկայացրել, որպեսզի նրան տեղափոխեն բժշկական հաստատություն, գոնե «Դատապարտյալների հիվանդանոց»: Փաստաթղթերը դեռ ուսումնասիրման փուլում են, ՔԿՎ ղեկավարությունը առայժմ որեւէ պատասխան չի տվել:

Նշենք, որ նախնական քննության նյութերի համաձայն՝ Երեւան քաղաքի բնակիչ, 1977թ. ծնված Արթուր Ղազարյանն ապօրինի կերպով ձեռք է բերել եւ կրել հրազեն հանդիսացող «ВИКИНГ» մոդելի 9մմ տրամաչափի գործարանային արտադրության ակոսափող ատրճանակ եւ ռազմամթերք հանդիսացող 9մմ /9X19/ տրամաչափի փամփուշտներ, որոնք նրա մոտ հայտնաբերվել են 2015թ. հուլիսի 10-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում կատարված անձնական խուզարկության ընթացքում:

Ոստիկանության բաժնից ստացած նյութերի հիման վրա՝ 2015 թվականի  հուլիսի 10-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների  քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Նույն օրը Ա.Ղազարյանը ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Նշենք, որ Արթուր Ղազարյանը քրեական շրջանակներում հայտնի է «Քանաքեռցի Տույ» մականունով: