Երեւանի տարբեր թաղամասերում տարածվել են քաղաքացիական ակտիվիստների դիմանկարները՝ վիրավորական գրություններով: Լուսանկարները փակցրել են գիշերը։ Ակտիվիստներից ոմանց լուսանկարները փակցված են եղել իրենց բակերում, որոշներինը՝ այլ տարածքներում:
Այս պահի դրությամբ գտել են ակտիվիստներ Գևորգ Սաֆարյանի, Նարեկ Այվազյանի, Արսեն Օհանյանի, «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանի, «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանի լուսանկարները։
Արմեն Մկրտչյանը, որն առավոտյան գտել է «հաստավիզ անասուն» գրությամբ իր դիմանկարն իրենց բակում՝ պատին փակցված, NEWS.am-ին պատմեց, որ բակի տեսախցիկները ֆիքսել են ավտոմեքենան եւ շուտով կպարզի՝ ով է փակցրել լուսանկարը:
«Բակի կամերաները ֆիքսել են: Պետահամարանիշը վատ է երեւում, բայց կվերականգնվի»,- ասաց Արմեն Մկրտչյանը՝ նշելով, որ կարծում է՝ իշանություններն են կանգնած այս նախաձեռնության հետեւում։

Նարեկ Այվազյանը, որը մասնակցում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ անցկացվող բողոքի ակցիաներին, պատմեց, որ ընկերներն են տեսել իր լուսանկարը՝ «լպրծուն սողուն» գրությամբ, լուսանկարել, ուղարկել իրեն:

Մաքսիմ Սարգսյանի լուսանկարը փակցված է եղել Սարյան փողոցում: NEWS.am-ի հետ զրույցում նա պատմեց, որ ընկերներն են գտել ու ուղարկել իրեն: Մաքսիմ Սարգսյանը կարծում է՝ ոստիկաններն են նման բան արել:
«Ես այս արարքը, բնականաբար, կապում եմ էս քաղաքացիական հագուստով ոստիկանների հետ: Կամ իրենք են արել, կամ իրենց շրջապատի մարդիկ: Եթե մի մարդ ընդունակ է սեռական բնույթի հայհոյանքներ տալ անչափահաս աղջիկներին, կանանց, այդ մարդուց ամեն ինչ սպասելի է»,- ասաց նա:

Ակտիվիստները դեռ ոստիկանություն չեն դիմի:


Լուսանկարները՝ ակտիվիստների ֆեյսբուքյան էջերից




























