Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայի հետնամասում հունիսի 15-ին  հայտնաբերված ռուս զինծառայող Իվան Նովիկովի սպանության գործն այժմ քննում է ՀՀ Քննչական կոմիտեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը:

«Քննչական կոմիտեի Շիրակի մարզի քննչական վարչությունը գործը Կոմիտեի նախագահի բանավոր պահանջով այն հանձնել էր Կոմիտեին, որն էլ հետագայում վերադարձրել էր գլխավոր դատախազությանը: Դատախազությունն էլ իր հերթին գործը նորից ուղարկել էր Քննչական կոմիտե, քանի որ քննչական գործողությունները դեռ չեն ավարտվել»,- ասաց Շիրակի մարզի դատախազը:

NEWS.am-ի թղթակցի հարցին ի պատասխան Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից մեկնաբանեցին, թե ինչու է գործն այս պահին քննվում իրենց մոտ:

«Վկայակոչելով ՀՀ եւ ՌԴ միջեւ ստորագրված «Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական ռազմական բազայի տեղակայման հետ կապված գործերով իրավասության եւ փոխադարձ իրավական օգնության հարցերով» համաձայնագրի 3-րդ եւ 5-րդ հոդվածների պահանջները՝ ՌԴ ՔԿ-ն գրավոր դիմել է Շիրակի մարզային քննչական վարչությանը՝ խնդրելով տրամադրել հարուցված քրեական գործը եւ ռուս զինծառայողի դիակը: Ղեկավարվելով նշված համաձայնագրի 3-րդ, 4-րդ եւ 5-րդ հոդվածներով՝ գործն ուղարկվել է գլխավոր դատախազություն՝ քննարկելու այն  ռուսական կողմին ուղարկելու հարցը:

ՀՀ գլխավոր դատախազի կողմից գրավոր ցուցում է ստացվել, որ անհրաժեշտ է պարզել հանցանքի կատարման վայրը, բոլոր կատարողներին, հանցակիցներին, թե արդյոք նրանց շարքերում կան ՀՀ քաղաքացիներ:

Նշված հանգամանքները պարզելու համար ՀՀ Քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետը հարցմամբ դիմել է ՌԴ ՔԿ զինվորական քննչական վարչության 519-րդ զինվորական քննչական բաժնի ղեկավարին՝ խնդրելով տեղեկատվություն տրամադրել հետեւյալ հանգամանքների վերաբերյալ, թե ով է կատարել սպանությունը, արդյոք նա ունեցել է հանցակիցներ ՀՀ քաղաքացիների շրջանում: Միաժամանակ, խնդրել է տրամադրել նշված հանգամանքները հավաստող փաստաթղթեր»,- հայտնել են Քննչական կոմիտեից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրիում «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում՝ ռուսական 102-րդ ռազմաբազայի մոտ, 2015թ. հունիսի 15-ին հայտնաբերվել է ռուս զինծառայող Իվան Նովիկովի դին:

Ռուսական կողմը հարուցել էր քրեական գործ եւ հենց նույն օրն էլ ձերբակալել, ապա կալանավորել ռազմաբազայի պայմանագրային զինծառայող Իվան Բոսխոմջիեւին:

Նույն օրը քրեական գործ էր հարուցել նաեւ հայկական կողմը Քրեական օրենսգրքի 104–րդ հոդվածի 1–ին մասով։ Նախաքննությունը շարունակվում է: