«Օրանժ Հայաստան» ընկերությունը բջջային հեռախոսակապի ոլորտում կսկսի մատուցել իր ծառայությունները մինչև այս տարվա վերջ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է «Ֆրանս-տելեկոմ» ընկերության հայաստանյան ներկայացուցիչ «Օրանժ Հայաստան»-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Հարցին, թե ե՞րբ հայաստանյան բջջային հեռախոսակապի սպառողները կկարողանան օգտվել ընկերության ծառայությունից, նա պատասխանել է, որ կոնֆիդենցիալ պատճառներից ելնելով ընկերությունը զերծ է մնում պաշտոնապես որեւէ ժամկետ հայտարարելուց: «Ծրագիրը մնացել է նույնը, ինչ մենք հայտարարել ենք մինչ այդ, ոչինչ չի փոխվել», -նշել է նա եւ հերքել խոսակցությունները, թե «Օրանժ Հայաստան»-ը պատրաստվում է հրաժարվել իրեն տրված լիցենզիայից, քանի որ նրա վրա ճնշում են գործադրում ոլորտի մյուս երկու օպերատորները: «Նման բան չկա: Նոյեմբերին մենք որոշել ենք մեր ծրագիրը և ամեն ինչ ընթացքի մեջ է, ինչպես եւ ծրագրված է եղել: Մենք ոչ մի խնդիր չունենք մեր մրցակիցների հետ», — ընդգծել է Բրունո Դյութուան: